
Հակառակ ՔՊ-ականների ստեղծած խոչընդոտների՝ Եկեղեցում ճգնաժամ չկա
Վերջին շրջանում որոշ հակաեկեղեցական շրջանակներից հաճախ կարելի է լսել «Եկեղեցին ճգնաժամի մեջ է» անհիմն ձևակերպումը․ Facebook-ի իր էջում գրում է Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
«Սակայն այստեղ անհրաժեշտ է տարբերակել Եկեղեցին՝ որպես Քրիստոսի հաստատած և Սուրբ Հոգով առաջնորդվող մարմին, և այն դժվարությունները, լարվածություններն ու արտաքին մարտահրավերները, որոնց առերեսվում է Եկեղեցու երկրային կյանքը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր ավելի քան երկուհազարամյա պատմության ընթացքում տեսել է պատերազմներ, պետականությունների կորուստ, հալածանքներ, գաղթ ու ազգային ծանրագույն փորձություններ։ Եկեղեցին այդ փորձությունների ընթացքում չի դադարել աղոթել, քարոզել, մկրտել, պսակել, հաղորդել, կրթել և իր ժողովրդի հոգևոր կյանքը առաջնորդել։
Այսօր ևս Եկեղեցին շարունակում է իր առաքելությունը՝ հակառակ որոշ արհեստական խոչընդոտների, որ ստեղծվում են ՔՊ-ական իշխանավորների կողմից։
Եվ դա երևում է ոչ թե հայտարարություններից միայն, այլև` Եկեղեցու ամենօրյա ակտիվ գործունեությունից․ հոգևոր և կրթական ծրագրեր, հոգևորականների հավաքներ, թեմական ու համայնքային գործունեություն, եպիսկոպոսական ձեռնադրությունն ու օծում և այլն»,- նշել է նա։



