
Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության․ ՌԴ ԱԳՆ
Հարավային Կովկասի հիմնական խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի պետությունների և նրանց անմիջական հարևանների կողմից՝ առանց արտաքին միջամտության կամ լուծումների պարտադրման․ РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Դիվանագետն ընդգծել է, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը, որը միավորում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ունի հսկայական ներուժ կայունության և տնտեսական զարգացման ապահովման համար։
«Ամբողջովին տրամաբանական է, որ տարածաշրջանը, որը դիրքավորվում է որպես եվրասիական երթուղիների համակարգի կարևոր օղակ, պետք է լուծի կայունության և զարգացման հարցեր։ Դրան կարելի է հասնել Հարավային Կովկասի երկրների և նրանց անմիջական հարևանների միջև համագործակցության միջոցով՝ համաձայն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի՝ հիմնական խնդիրները համատեղ լուծելով՝ առանց դրսից պարտադրվող լուծումների», - նշել է Կալուգինը։
Ըստ նրա՝ հարթակի հիմնական առավելությունը միավորող օրակարգն է այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տրանսպորտը և լոգիստիկան, էներգետիկան և հեռահաղորդակցությունը, մշակույթը և կրթությունը։
Դիվանագետը նաև հաստատել է, որ ձևաչափի դռները բաց են մնում Թբիլիսիի համար։ Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։


