
Սպիտակ տունը մեղադրել է Microsoft-ին և այլ խոշոր ընկերությունների H-1B վիզաների ծրագրով խարդախություն կատարելու համար
Սպիտակ տունն արգելել է Microsoft-ին և մի շարք այլ տեխնոլոգիական ընկերությունների մշտական հիմունքներով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի աշխատողներ ներգրավել լայնորեն կիրառվող վիզային ծրագրի միջոցով․ հայտնում է BBC-ն։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրել է Microsoft-ին և այլ ընկերությունների խարդախության համար՝ օգտագործելով H-1B վիզաների ծրագիրը և դրանից բխող գործընթացը, որը թույլ է տալիս արտասահմանցի աշխատողներին դառնալ ԱՄՆ մշտական բնակիչ։
Վենսը պնդել է, որ Microsoft-ն՝ ԱՄՆ-ի ամենաթանկ ընկերություններից մեկը, փաստացի փոխարինում է ամերիկացի աշխատողներին «օտարերկրյա կապյալ ծառաներով»։
Microsoft-ն իր հերթին հայտարարել է, որ նախորդ ֆինանսական տարում ներկայացված H-1B վիզաների մեծ մասը վերաբերել է արդեն իսկ աշխատող անձնակազմին, որոնց վճարվում է նույնքան աշխատավարձ, որքան տեղացիներին։
«ԱՄՆ-ում ոչ մի ընկերություն այսքան չի չարաշահել այս համակարգը, որքան Microsoft-ը»,- հայտարարել է Վենսը։
Նա նմանատիպ մեղադրանքներ է հնչեցրել նաև Adobe-ի, Cognizant-ի, Infosys-ի, Tata-ի, Wipro-ի, HCL-ի և Capgemini-ի հասցեին։
H-1B վիզաների ընդհանուր թիվը սահմանափակված է տարեկան 85․000-ով։ Microsoft-ի մամուլի խոսնակը BBC-ի հետ զրույցում նշել է, որ «ԱՄՆ-ում Microsoft-ի աշխատակիցների ճնշող մեծամասնությունն ամերիկացիներ են»։
Ընկերությունն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 200․000 աշխատակից։ Վենսը հայտարարել է, որ Microsoft-ը կրճատել է մոտ 6․000 աշխատողի և միևնույն ժամանակահատվածում ներկայացրել 6․800 H-1B վիզայի դիմում։ Նա պնդել է, որ սա վկայում է այն մասին, որ ընկերությունն օգտագործում է օտարերկրյա աշխատողներին տեղացիներին փոխարինելու և նրանց աշխատավարձերը «գցելու» համար։


