
Ուկրաինայի համար Starshield-ի աշխատանքը սահմանափակելու հրահանգը տրվել է Սպիտակ տնից․ Reuters
Ռազմադաշտում կապի և անօդաչու թռչող սարքերի գործողությունների համար Ուկրաինայի կողմից օգտագործվող արբանյակային համակարգը սահմանափակելու հրամանը եկել է Սպիտակ տնից․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ երկու և հարցին քաջատեղյակ արևմտյան մեկ պաշտոնյայի։
Նրանց խոսքով՝ Պենտագոնի ղեկավարությունը հրահանգ է ստացել դանդաղեցնել ուկրաինական բանակի համար նախատեսված SpaceX-ի Starshield ծառայության աշխատանքը։ Պաշտոնյաները չեն հստակեցրել, թե կոնկրետ ո՞վ է Սպիտակ տանը կայացրել այդ որոշումը, կամ ո՞վ է պատասխանատու եղել հրահանգի իրականացման համար։
Պենտագոնը Starshield-ի՝ Starlink ծառայության ռազմական նշանակության տարբերակի ամենախոշոր պատվիրատուն է։ Ուկրաինացի պաշտոնյաներն այս շաբաթ հայտնել են, որ ռազմական նշանակության Starlink ընդունիչները Ուկրաինայում դադարել են աշխատել արագ շարժվող օբյեկտների վրա տեղադրված լինելու դեպքում։ Սա խոչընդոտել է ուկրաինական այն ԱԹՍ-ների գործունեությանը, որոնք Ուկրաինայի տարածքում թռիչքի ընթացքում կողմնորոշվելու համար օգտվում են այդ համակարգերից։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ընդունիչներն այժմ աշխատում են նաև շարժման ընթացքում, սակայն միայն ժամում մինչև 100 մղոն (160 կմ/ժ) արագության դեպքում։


