28 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․«Հետք»

«Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․«Հետք»

Գործարար Նարեկ Նալբանդյանին չի հաջողվել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտ» գործարանի ձեռքբերման գործարքը։ «ԱՄԻՕ» բանկին պատկանող գործարանը սեպտեմբերի 2-ին սնանկության դատարանի աճուրդում վաճառվել էր Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը: Վաճառքի գինը կազմել էր 11 միլիարդ 101 միլիոն դրամ․ գրում է «Հետք»-ը։

2026 թ.-ի հոկտեմբերի 5-ին գործարանի սնանկության գործով կառավարիչը հաշվետվություն է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ աճուրդը համարվում է չկայացած։

Սնանկության դատարանի որոշումների ուսումնասիրությունից «Հետքը» տեղեկանում է, որ սեպտեմբերի 2-ին կայացած աճուրդի արդյունքները չեղյալ են համարվել, քանի որ հաղթող ճանաչված ընկերությունը չի վճարել 11 միլիարդ 101 միլիոն դրամը։ Այդ ամենից հետո Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը ցանկացել է 3 ամսով վարձակալել գործարանի գույքը, սակայն դատարանը թույլ չի տվել։

Գործարքը, հավանաբար, պետք է ֆինանսավորեր պետական մասնակցություն ունեցող «ԱՄԻՕ» բանկը։ Կարելի է ենթադրել, որ բանկը չի տրամադրել համապատասխան վարկային միջոցներ։ Գործարանի աճուրդ-վաճառքից մեկ օր անց՝ սեպտեմբերի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ինքը «սրտի օլիգարխ» չունի։ «Եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և ընդհանրապես մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է»,- հայտարարել էր վարչապետը՝ տեղեկացնելով, որ իրավապահներին հանձնարարել է վարույթներ նախաձեռնել, և եթե պարզվի, որ Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կապ ունի Փաշինյանի ընտանիքի հետ, ապա դաժան արձագանք կլինի։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանը և «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը մեղադրյալի կարգավիճակ ունեն Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակում։ Գործարարաները անցնում են սնանկացած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գործով, որի հիմնադիրը նրանց մեղադրել է ընկերությունը սնանկացման հասցնելու մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ