
Եթե ԱՄՆ-ն նորից հարձակվի․․․Խամենեին ու Թրամփը հայտարարություններ են արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը և հայտարարել է, որ Վաշինգտոնի գործողությունները կբխեն երկրի շահերից։ Այս մասին Թրամփը նշել է Politico-ի հետ զրույցում։
«Մենք կհետևենք իրավիճակին, և եթե տեսնենք գործողություններ ձեռնարկելու հնարավորություն, կանենք այն, ինչը լավագույնն է մեր երկրի համար», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորության մասին հարցին։
Միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին հարցին պատասխանելով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ դա անհրաժեշտ չէ։
«Ինձ դա պետք չէ։ Մենք արդեն չեզոքացրել ենք նրանց հնարավորությունների 90%-ը։ Այնպես որ, դա անհրաժեշտ չէ», - նշել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Իրանի վերաբերյալ իր որոշումը ճիշտ էր երկարաժամկետ հեռանկարում՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ աշխարհի համար։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի լայնածավալ։
Նա նշել է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցում վերահսկողության հաստատումը և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների ոչնչացումը պատասխանն էին փետրվարին սկսված պատերազմի։
Խամենեին նաև մեկնաբանել է ԱՄՆ միջանկյալ ընտրությունները։ Իրանի գերագույն առաջնորդն ընդգծել է, որ սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ԱՄՆ-ում իշխանության մեջ քաղաքական կուսակցությունների փոփոխությունը և Վաշինգտոնի ճնշումներին զիջումների գնալը կարող են թուլացնել «ԱՄՆ-ի թշնամանքն Իրանի նկատմամբ»:
Խամենեին հայտարարել է, որ փոխզիջման նույնիսկ աննշան հակումը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն ավելի հեռու կգնա և «կանցնի թույլատրելի սահմանը»։


