
Գազի գինը ՀՀ-ի համար էժան չէ, շատ բան ենք տալիս ԵԱՏՄ-ին, բայց ստանում շատ ավելի քիչ բան. Գևորգ Պապոյան
Ինչ վերաբերում է գազի գնին․ ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ից ստանում է շատ ավելի քիչ, քան պետք է ստանար, և դրա պատճառն այն է, որ ԵԱՏՄ մտնելիս ՀՀ բանակցողները բավարար չեն պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահը․ այսօր Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ավելին, սա ոչ միայն փաստ է, այլ նաև գիտակարգ կա դրա համար, անգամ մարդ կա, որ դրա համար Նոբելյան մրցանակ է ստացել՝ Փոլ Քրուգման։ Ի՞նչ են ասում այդ մարդիկ, ասում են, որ երբ փոքր տնտեսությունները միանում են մեծ տնտեսություններին, եթե չստանան մեծ տնտեսությունների համեմատ ավելի մեծ մասնաբաժին միավորի համար, իրենք ժամանակի ընթացքում կկորցնեն իրենց մրցունակությունը։ Դա է պատճառը, որ երբ Հայաստանն ու Հայաստան-Ռուսաստան առևտրային հաշվեկշիռը մինչև ԵԱՏՄ մտնելը մինուս 700 միլիոն դոլարի կարգի էր, այսօր մինուս 2 միլիարդ է, այսինքն՝ սա բնականորեն պետք է տեղի ունենար։ Եվ որպեսզի սա, օրինակ, տեղի չունենա, Եվրամիությունը նույն Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի ԵՄ մտնելու ժամանակ տվել է ավելին այդ երկրներին և շարունակում է տալ ավելին, քան այդ երկրները տալիս են ԵՄ-ին, որովհետև այդպիսին է կանոնը»,- բացատրեց նախարարը։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՏՄ-ից ստանալով 250 միլիոն, տալով 450, պետք է 900 կամ 1 միլիարդ ստանար․ «Կարծում եմ, որ եթե գինը եղել է նա, որ պիտի լինի դրա փոխարեն էժան գազ, հետևաբար՝ չասենք էժան գազ, մենք փողի փոխարեն ստացել ենք բնամթերք, եթե դա է եղել բանաձևը, իմ ասածը սա է։ Ինչ վերաբերում է գազի գնի բարձրացմանը, ես կարծում եմ, որ առհասարակ բոլորիս համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլ ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ, և ես կարծում եմ, որ եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ՝ գումարած 20 դրամի ինքնիշխանություն»։


