
Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքների ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ․ Shamshyan.com
Նոյեմբերի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք․ հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ հողային աշխատանքներ կատարելիս բանվորները, ովքեր աշխատում են «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ում, հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ՝ հիմքի փոսերը փորելու ժամանակ։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատարի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Շենգավիթի քննչական բաժին։


