
Արցախ Միությունը դատապարտում է տեղահանվածների անձնագրերի «Ծննդավայր» դաշտում «Ադրբեջան» նշելու որոշումը
Արցախ Միությունը դատապարտում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2026 թ. նոյեմբերի 19-ի պարզաբանումը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախ միությունը։
«Ըստ Ծառայության՝ դա պահանջում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 և ISO 3166 ստանդարտները։
Արցախ Միությունը ուսումնասիրել է հենց այդ ստանդարտները, ՀՀ օրենսդրությունը և միջազգային դատական ակտերը և հայտարարում է. ոչ ICAO-ն, ոչ էլ ISO-ն չեն պարտադրում արցախցիների անձնագրերում նշել «Ադրբեջան»։ Այդ պահանջը, հակասելով միջազգային ստանդարտներին ու դատական ակտերին, բխում է բացառապես ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումից ու ՀՀ նոր օրենքից, որը հնարավոր է և անհրաժեշտ է փոփոխել։
Ընդ որում, եթե ավելի հեռուն գնանք, ապա Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում, և ՀՀ Անկախության հռչակագիրը և այլ իրավական ակտեր նույնպես դա ամրագրել են։ Պարզապես ՀՀ գործող իշխանությունների անհիմն ու անընդունելի քաղաքական դիրքորոշման հիման վրա նոր իրավական պրակտիկա է ձևավորվում՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ պարագայում, զուտ մարդու իրավունքների ներքին ու միջազգային նորմերից ելնելով, առկա իրավակարգավորումը պետք է փոխվի։
Միջազգային ստանդարտները թույլ են տալիս նշել միայն բնակավայրը
- ICAO 9303 փաստաթղթի 3-րդ մասի 3.7 կետի համաձայն՝ ծննդավայրի նշումն անձնագրում պարտադիր չէ։ Եթե այն նշվում է, կարող են նշվել ավանը, քաղաքը, արվարձանը և/կամ պետությունը։ Նույն փաստաթղթի 4-րդ մասում ծննդավայրի դաշտը նույնպես նշված է որպես ընտրովի։
- ISO 3166-ի կոդը կիրառվում է միայն այն դեպքում, եթե ծննդավայրի դաշտում նշվում է պետությունը։ ISO 3166-ը կոդավորման ստանդարտ է. այն որոշում է, թե ինչպես գրել պետության անվանումը, բայց չի պահանջում, որ այն անպայման գրվի անձնագրում։
- ICAO-ն հատուկ նշում է, որ ծննդավայրը նշելիս թողարկող պետությունը պետք է հաշվի առնի տվյալ պետության կամ տարածքի հետ կապված զգայուն հանգամանքները։
- Ծննդավայրը անձնագրի մեքենայաընթեռնելի գոտում (MRZ) ընդհանրապես չկա, ուստի բնակավայրի նշումը չի ազդում փաստաթղթի մեքենայական ընթերցման վրա։
- Միջազգային պրակտիկան նույնն է։ Միացյալ Թագավորության անձնագրերում որպես կանոն նշվում է միայն ծննդավայր քաղաքը։ ԱՄՆ-ն Երուսաղեմում ծնվածների համար ավանդաբար գրում է միայն «Jerusalem», և երկրի նշման դեմ առարկող քաղաքացուն առաջարկում է «միայն քաղաք» տարբերակը։
Նախկին օրենքն ամբողջությամբ համապատասխանում էր այդ ստանդարտներին
- «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» 2011 թ. նոյեմբերի 30-ի օրենքի 5-րդ հոդվածը նախատեսում էր, որ անձնագրում նշվում է «ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը…)»։ Հենց այդ դրույթի շնորհիվ արցախցիների անձնագրերում հնարավոր էր նշել Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան, Մարտակերտ կամ այլ բնակավայր՝ առանց պետության։
- Այս մոտեցումը գործել է տարիներ շարունակ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ինքը 2025 թ. ապրիլին հրապարակավ հաստատել է, որ արցախցիները կարող են պահանջել ծննդյան վկայականում նշված բնակավայրի գրառում։ Այդ հիմքով տրված անձնագրերով արցախցիները այսօր էլ ճանապարհորդում են։
- Վիճակը փոխվել է 2026 թ. մայիսի 11-ին ընդունված և հոկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» ՀՕ-210-Ն օրենքով։ Դրա 3-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը սահմանում է միայն «ծննդյան վայրը՝ պետությունը», ուստի բնակավայրը նշելու հնարավորությունն այլևս չկա։ Այսինքն՝ «Ադրբեջան» գրառումը հետևանք է ՀՀ օրենսդրի ընտրության, ոչ թե միջազգային պահանջի։ Հետևաբար այն կարող է և պետք է շտկվի նույն օրենսդրի կողմից։
Ծննդյան պահի պետությունը Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող լինել
- Մինչև 1991 թ. ծնված արցախցիները ծնվել են Խորհրդային Միության տարածքում։ Նույնիսկ եթե ՀՀ իշխանությունները Արցախը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս, ապա Ադրբեջանի Հանրապետությունը որպես պետություն 1991 թ.-ից առաջ գոյություն չուներ, և այն չկա այդ ժամանակ ծնված անձանց ծննդյան վկայականներում։ Իսկ անկախության տարիներին ծնված անձանց ծննդյան վկայականներում գրվել է կա՛մ Հայաստանի Հանրապետություն, կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
- Եթե նոր օրենքը գոնե մինչև փոփոխվելը պահանջում է պետություն նշել, ապա ճիշտ է նշել ծննդյան պահի պետությունը, որն էլ արտացոլվել է ծննդյան վկայականում։ Իսկ խորհրդային տարիներին ծնվածների անձնագրում պետք է նշվի ԽՍՀՄ-ը, որը ներառված է հենց ISO 3166 ստանդարտի 3-րդ մասում (նախկինում օգտագործված անվանումներ)»,- ասված է հայտարարությունում։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։


