
Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների մրցաշարը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարը, որին մասնակցում էին համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչները․ հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Մեր ընտրանու առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը մրցաշարն ավարտել է 9-րդ հորիզոնականում։
Եզրափակիչ փուլում Մարտիրոսյանը 25.5։14.5 հաշվով վստահ հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։ Հատկանշական է, որ դիմակայության դասական շախմատի երկու պարտիաներում էլ (յուրաքանչյուր հաղթանակը գնահատվում էր 8 միավոր) ուժեղ է գտնվել հայ շախմատիստը։
Մրցաշարի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջան, երկրորդ տեղը զբաղեցրել է նիդերլանդցի Անիշ Գիրին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։ ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրավել է 14-րդ տեղը, իսկ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հանգրվանել է 17-րդ հորիզոնականում։
Հիշեցնենք, որ մրցաշարի խմբային փուլում Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր Մագնուս Կարլսենին, ոչ-ոքի խաղացել Անիշ Գիրիի, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի և ամերիկացի Աբհիմանյու Միշրայի հետ, զիջել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին ու C խմբում 13 միավորով գրավել 3-րդ տեղը։ Նոկաուտ փուլի նախորդ շրջանում հայ գրոսմայստերը դրամատիկ պայքարում 29։11 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Ռիխարդ Ռապորտին՝ առաջին խաղային օրը 3։9 հաշվով զիջելիս շրջելով դիմակայության ընթացքը։
Լևոն Արոնյանն իր հերթին նոկաուտ փուլի մեկնարկում 22.5։17.5 հաշվով առավելության էր հասել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։


