
Ոչ՝ 45 միլիարդին, այո՝ բանակցային կլաստերներին․ Հունգարիայի դիրքորոշումը՝ Կիևին վարկ տրամադրելու հարցում
Հունգարիան չի պլանավորում համաֆինանսավորել Եվրոպայի՝ Ուկրաինային տրամադրվելիք 45 միլիարդ եվրովարկը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պետեր Մադյարը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Բուդապեշտը դեմ չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար բանակցային ևս երկու կլաստեր բացելուն։
«Կարծում եմ, որ Եվրամիությունը դեռևս հնարավորություն ունի վարվել այնպես, ինչպես վարվեց անցյալ տարի, երբ ձեռք բերվեց 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման համաձայնությունը»,- ասել է Պետեր Մադյարը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Հունգարիայի վարչապետը նշել է, որ Բուդապեշտը կտրականապես դեմ է, որ ԵՄ-ի յոթնամյա բյուջեն կապվի Ուկրաինայի ֆինանսավորման հետ։ Նա նաև նշել է, որ Հունգարիան շարունակում է Ուկրաինային աջակցություն ցուցաբերել հումանիտար առումով։
Պետեր Մադյարի խոսքով՝ Հունգարիան ԵՄ մյուս երկրների հետ համաձայնել է Ուկրաինային նամակներ ուղարկել միությանը երկրի անդամակցության շուրջ բանակցային կլաստերները բացելու պատրաստակամության մասին։ «Եթե տեսնենք, որ ուկրաինական կողմի պատասխանները թե՛ գյուղատնտեսության հարցերով, թե՛ այլ ուղղություններով բավարար են, ապա կարելի է առաջ շարժվել»,- հավելել է նա։
Նշենք, որ Եվրամիությունը պլանավորում է Ուկրաինային տրամադրել 45 միլիարդ եվրոյի վարկ՝ երկրի բյուջեի դեֆիցիտը մասնակիորեն ծածկելու համար։ Միջոցները Կիևին առաջարկում են վերադարձնել այն փոխհատուցումներից (ռեպարացիաներից), որոնք, ինչպես ակնկալում են ԵՄ-ում, Ռուսաստանը կվճարի հակամարտության ավարտից հետո։


