
Սենսացիա չէ․ Գալյանը՝ քաղաքացիությունից զրկելու դրույթի մասին
Բոլոր, գրեթե բոլո՛ր երկրների օրենսդրությունում (զարգացած իրավակարգավորում ունեցող երկրների մասին է խոսքը) կա նման հոդված․ արդարադատության նախարարի արձագանքն է՝ Սահմանադրության նախագծի դրույթներից մեկին, ըստ որի՝ անձը կարող է զրկվել քաղաքացիությունից։
Սրբուհի Գալյանն ասում է՝ այն երկրներում, որ աչքի են ընկնում ժողովրդավար կարգով, օրինակ՝ Դանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, նման կարգավորում գոյություն ունի, բայց Հայաստանում, չգիտես ինչու, այն ներկայացվում է որպես սենսացիա։
«Մամուլում տեսել եմ հրապարակումներ, ըստ որոնց՝ հանցագործություն իրականացրած անձին կարելի է զրկել քաղաքացիությունից։ Ո՛չ, այդպես չէ, անձը քաղաքացիությունից կարող է զրկվել միայն այն դեպքում, երբ կատարել է պետության անվտանգության և սահմանադրական հիմունքներին ուղղված հանցագործություն։ Խոսքը պետական դավաճանության, դիվերսիայի, պետական գաղտնիքի հրապարակման և այլնի մասին է»,- նշում է Գալյանը։
Գալյանն անհավանական, ֆանտաստիկայի ժանրից է համարում մեկնաբանությունները, թե անձին կարող են քաղաքացիությունից զրկել, եթե նա մասնակցել է ցույցի, կամ, որ քաղաքացիությունից զրկելու են՝ այլ երկրի հանձնելու համար։

