
Ռուսաստանը չպետք է համաձայնի հրադադարի «եվրոպական» տարբերակին. Կրեմլի արձագանքը՝ ԵՀ նախագահին
Ռուսաստանը չպետք է համաձայնի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի առաջարկած տեղային հրադադարի տարբերակին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի Սև ծովով պարենամթերք արտահանել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ ԵՀ նախագահը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է նաև հակամարտության ընթացքում չթիրախավորել էներգետիկ ենթակառուցվածքները։
Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել էր, որ եթե Կրեմլը համաձայնի հրադադարի, այսպես ասած, եվրոպական տարբերակին, ապա դա կխոսի բանակցությունների սեղանի շուրջ նստելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։
Հիշեցնենք նաև, որ 2022 թվականի հուլիսին ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ կնքվել էր Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը միտված էր ուկրաինական նավահանգիստներից պարենամթերքի անվտանգ արտահանման ապահովմանը։ Ռուսաստանը գործարքից դուրս էր եկել 2023 թվականի հուլիսին՝ պատճառաբանելով, որ համաձայնագրի՝ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման սահմանափակումների վերացմանը վերաբերող մասը չի կատարվել։


