27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ը կարող է հարվածել Սիրիայում գտնվող իրանցի զինվորականներին՝ ի պատասխան իր բազայի վրա հարձակման. Politico

ԱՄՆ-ը կարող է հարվածել Սիրիայում գտնվող իրանցի զինվորականներին՝ ի պատասխան իր բազայի վրա հարձակման. Politico

Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը հրահանգել է պատասխանել Սիրիայի և Հորդանանի սահմանին ամերիկյան ուժերի վրա տեղի ունեցած հարձակմանը:

Ինչպես տեղեկացնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հնարավոր առաջարկների թվում քննարկվում է Իրաքում և Սիրիայում իրանցի զինվորականների վրա հարձակման իրականացումը։

Նշվում է, որ պետության ղեկավարը պահանջել է պատասխանի մի քանի տարբերակ ներկայացնել, որոնք հնարավորություն կտան վճռականորեն զսպել այլ հարձակումները և միևնույն ժամանակ չեն հանգեցնի Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրմանը:

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Պենտագոնը դիտարկում է Սիրիայում կամ Իրաքում իրանցի զինվորականներին, ինչպես նաև Պարսից ծոցում գտնվող Իրանի ռազմածովային օբյեկտներին հարվածներ հասցնելը՝ որպես պատասխան միջոցներ։

Ինչպես նշում է թերթը, ամերիկացի առաջնորդի հավանությունից հետո, ամենայն հավանականությամբ, պատասխան միջոցներ կձեռնարկվեն մի քանի օրվա ընթացքում, հարվածները «ալիքներով կհասցվեն» մի քանի թիրախների ուղղությամբ։

Աղբյուրները Politico-ին հայտնել են, որ Բայդենը դժվար թե խոսի պատասխան միջոցների մասին, քանի դեռ վերջնական որոշում չի կայացվել: Միևնույն ժամանակ, թերթը խոստովանում է, որ «պատասխան միջոցները կարող են էլ ավելի բորբոքել իրավիճակը Մերձավոր Արևելքում»։

Երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասաց, որ ԱՄՆ վարչակազմի պատասխանը տարածաշրջանում իր զորքերի և շահերի վրա հարձակումներին կարող է լինել բազմափուլ, բազմաշերտ և ժամանակատար:

Հունվարի 27-ին Սիրիա-Հորդանան սահմանին գտնվող ալ-Թանֆ շրջանում արևմտյան կոալիցիայի ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 3 ամերիկացի զինծառայող, վիրավորվել՝ 40-ը։ Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումները հաճախակի են դարձել։ Շիա աշխարհազորայինները նախազգուշացրել են, որ իրենք կավելացնեն զինված գործողությունների թիվը Սիրիայում և Իրաքում, քանի որ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել իսրայելական բանակին: