ABCMEDIA
2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային

2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը շարունակում է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ:

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Տեխնիկական թվացող այս գործընթացի հիմքում մեր քաղաքացիների առողջությունն է, նպատակը` պացիենտներին որակյալ դեղերով ապահովելը, ինչպես նաև ինքնաբուժությունից ու գերդոզավորումից զերծ պահելը»,- կարևորելով այս բարեփոխումը` նշել է ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչության պետ Մարինե Հարությունյանը:

Բժշկի նշանակումից մինչև դեղատնից դուրսգրում` էլեկտրոնային դեղատոմսի ամբողջական հետագիծը ներկայացրել է Արմեդ էլեկտրոնային համակարգի ծրագրերի ղեկավարը` հավաստիացնելով, որ տնտեսվարողի համար որևէ դժվարություն կամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջանալու, միայն պետք է, որ դեղատունը միացած լինի Արմեդ համակարգին, իսկ էլեկտրոնային համակարգում քայլերն առավել քան պարզ կլինեն:

Հանդիպմանը նաև առցանց մասնակցում էին տասնյակ դեղագետներ, դեղագործներ ու բուժաշխատողներ հանրապետության բոլոր մարզերից: Նրանց բարձրացրած հարցերն ու դիտարկումները հաշվի կառնվեն էլեկտրոնային առողջապահական համակարգն առավել ճկուն դարձնելու համար:

Քննարկումները շարունակվելու են:

Հիշեցնենք, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրել. անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերը հակավարակային (հակաբակտերիային,հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկներն ու իմունոգլոբուլինները), հորմոնային և միզոպրոստոլ դեղերը:

2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային: