ABCMEDIA
Մեր բանակը չի պարտվել, քաղաքական պարտություն էր, որի արդյունքում մենք շատ կորուստներ ունեցանք. Արսեն Գրիգորյան

Մեր բանակը չի պարտվել, քաղաքական պարտություն էր, որի արդյունքում մենք շատ կորուստներ ունեցանք. Արսեն Գրիգորյան

ABC ինտերվյուի հյուրը երգիչ Արսեն Գրիգորյանն է։ Երգչի համոզմամբ` չնայած մեր սարսափելի կորուստներին, եկել է մեջքն ուղղելու, երազանքներին տեր կանգնելու ժամանակը, հապաղել այլևս չի կարելի… Նա արտերկրի մեր հայրենակիցներին հորդորում է. «Տուն եկեք՝ Հայրենիքը ոտքի կանգնեցնելու և շենացնելու…»։

-Պարո՛ն Գրիգորյան, Ձեր մանկության երգերը հիշում եք։ Ձեր տանն ի՞նչ երգեր էին երգում։

-Ձայն մը հնչեց Էրզրումի Հայոց լեռներեն․․․(երգում է)։

-Իսկ օրորոցայիննե՞ր։

-Հավատացե’ք, մեր տանը միշտ հայրենասիրական երգեր են երգվել, թե՛ որպես օրորոցային, թե՛ օրվա ընթացքում, նաև միջոցառումների ժամանակ։ Հայրենասիրական երգն ապրեցնող երգ է, և մեր ծնողները գիտակցել են դա։ Ոչ միայն իմ ծնողները, այլև մեր ժողովուրդն է գիտակցել՝ հատկապես տարագիր ժողովուրդը, որ երգով դու կարողանում ես ազգային տեսակը պահել։ Հայ առաքելական եկեղեցու զավակը լինելով՝ մենք ոչ միայն հոգևոր սնունդ էինք ստանում եկեղեցուց, այլև ազգային սնունդ։

-Այդ երգերի շնորհի՞վ բռնեցիք երգարվեստի ուղին։

-Երգի շնորհք ունենալը (չասեմ տաղանդ, ուրիշն է որոշում դու տաղանդավոր ես, թե ոչ), դա աստվածատուր շնորհք է։ Բայց, բնականաբար, իմ վերաբերմունքը երգի նկատմամբ սկսել է ձևավորվել մեր ընտանիքից։ Ծնողներս երգում են՝ հայրս էլ, մայրս էլ այդ տաղանդը ունեն և մեր տանը միշտ երգ, պար, երաժշտություն կար։ Պրոֆեսիոնալ երաժշտության ուղին, սակայն, միայն ես բռնեցի։

-Առաջին անգամ երբ Հայաստան եկաք, ի՞նչ զգացումներ ունեիք։

-Նույնիսկ առաջին պահն եմ հիշում․․․ Երբ մտա օդանավակայան և տեսա, որ ցուցանակները հայերենով են գրված, ինձ մոտ ամեն ինչ տակնուվրա եղավ, հոգումս ալիքներ բարձրացան, փշաքաղվեցի։ Նայում եմ` մարդիկ հայերեն են խոսում․․․Այո, շատ լավ չէի հասկանում արևելահայերենը, բայց ինձ համար շատ հուզիչ էր և ուզում էի ամեն մեկին՝ ում հանդիպում էի՝ գրկել։ Կարոտը շատ ուժեղ բան է, իսկ պետականության զգացումը, երբ տեսնում ես ամեն տեղ հայերեն է շնչում-արտաշնչում, գունավորվում է հայերենով, օդը հագեցած է հայերենով, սա շատ ուրիշ զգացում է։ Ես վերադարձա 1987 թ․ հոկտեմբերի 24-ին, սա ինձ համար կարծես ծննդյան օր լինի։ Ես այդ օրն այդպես էլ նշում եմ։ Երազում էի Մասիսը տեսնել, բայց այդ օրը շատ ամպամած էր։ Ես չգիտեի, որ Մասիսը Հայաստանի վարչական սահմանների մեջ չի մտնում։ Հետո անմիջապես գնացի ազգաններիս տուն՝ Խոր Վիրապ և այնտեղ ամբողջ գիշեր պատուհանի մոտ սպասում էի, թե երբ պետք է Արարատը տեսնեի։ Բացվեց ու բացականչեցի․․․Տեր Աստված։ Հիմա էլ տեսնելուց նույն բանն եմ բացականչում։

-Մենք հայերս ենք չէ՞ պնդում, որ յուրահատուկ ազգ ենք, դուք դրա հետ համաձա՞յն եք և արդյոք դրա մեջ մեծամտության նոտաներ չկա՞ն։

-Եթե մենք ուղղակի խոսում ենք կենացի մակարդակով, այս ամենը մեծամտության և սուտ հպարտություն է, բայց եթե խոսում ենք ոչ կենացի մակարդակով, և խոսում ենք ոչ միայն ծնունդով, այլև պատկանելությամբ հայի մասին, ապա այնտեղ ոչ մի մեծամտություն չկա։ Հիմա մենք շատ ենք ֆիքսում այն արատավոր երևույթները, որոնք առկա են մեր հասարակության մեջ` ասելով, որ սա չի հայը․․․Ո՛չ, հայը սա չի, հայը Վիկտոր Համաբարձումյանն է, հայը Արամ Խաչատրյանն է այդպես շարունակ։ Մերոնք աշխարհին են բարիք տվել, ոչ միայն հային, մենք այդ տեսակն ենք։

-44 օրյա պատերազմից հետո աշխարհը, որում ապրում էինք, կարծես փշրվեց, նոր իրականություն ստեղծվեց և այդ իրականության մեջ շատերն այլևս երազանք չունեն։ Նոր նպատակներ ու երազանքներ կարծես չեն ձևավորվել։

-Ինձ մոտ ոչինչ չի փշրվել։ Ցանկացած երկրում, երբ հասարակությունը երազանք չունի, տվյալ երկրի իշխանությունը, էլիտան երազանք է ձևավորում ժողովրդի մեջ, հասարակության մեջ։ Մենք երազանքներ ունենք, մի՛ սպանեք այդ երազանքները։ Ես ամուր եմ կանգնած և մեջքս եմ ուղղում։ Ախր մենք ծանր բանի միջով անցանք, սարսափելի կորուստ ունեցանք։ Դուք պատկերացնում եք, մենք ուղղակի խոսում ենք որպես թվեր, բայց իրականում մենք շատ լավ սերունդ կորցրեցինք, բայց պարտավոր ենք մեր մեջքն ուղղել, մեր խոսույթը դրա մասին պետք է լինի։ Նայեք՝ այսօր մենք ինչ իշխանություն ունենք և ինչ օրակարգ է թելադրում, ինչ թեզեր են անընդհատ առաջ քաշում։ Պետք է հակառակը լինի, պետք է հորդորենք չկոտրվել և պահել մեր ինքնությունը։ Մենք 8 դար պետականություն չունեինք՝ 1918 թ․ վերականգնեցինք։ Ես երազում եմ նաև, որ իսկական հայ երգը համատարած լինի հայ հասարակության մեջ։ Հիմա մեր ինքնությանը տեր պետք է կանգնենք։ Ինքնությունը պահելու համար մենք պարտավոր ենք մեր մշակութային, ազգային նյութական և ոչ նյութական ժառանգությունը պահել և փոխանցել, տարածել մեր հասարակության մեջ։

-Սփյուռքի ներգրավվածությունը արդյոք բավարա՞ր է այն պրոցեսների մեջ, որոնք տեղի են ունենում մեր երկրում և արդյո՞ք այս ամբողջ ընթացքում կարողացանք ճիշտ ձևով կազմակերպել սփյուռքահայության մասնակցությունը Հայրենիքին աջակցության գործին։

 -Այստեղ մեկ ուրիշ խնդիր կա կարծես դրված․ Սփյուռքը կտրել Հայաստանից։ Վտանգավոր է, երբ տարածվում են այդպիսի խոսույթներ, թե Սփյուռքը երես է թեքել։ Դա այդպես չէ, մի՛ տարածեք այդպիսի բաներ։ Նույն ֆեյսբուքով անընդհատ տարածում են լիքը սուտ բաներ, որոնք ավելի են խորացնում անջրպետը, այնինչ պետք է բոլորին տուն կանչել։ Հայրենադարձությունն անհրաժեշտ է Հայաստանին թե՛ տնտեսության, թե՛ գիտության, թե՛ մշակույթի առումով։ Այդ պարագայում կկարողանայինք  հայերով շատանալ։ Սկզբում արտոնություն կտայինք հարենադարձներին․ յուրաքանչյուր հայի՝ լինի հարուստ, ոչ հարուստ, կապ չունի։ Նրանց պետք է տուն կանչել և մի որոշ ժամանակով արտոնություններ տալ, որից հետո անմիջապես կդառնան նույն ձևի, թե՛ հարկային դաշտում, թե՛ բոլոր առումներով։ Բայց մենք պետք է շահագրգռենք և այսօր էլ պետք է անենք։ Պետք է նաև կամք և սեր․․․Միգուցե սերը ավելի շուտ։ Քո տեսակին  սիրել է պետք։ Կարող է մարդիկ ասեն այս ինչ ազգայանական բաներ է ասում, բայց ես ազգայնական բաներ չեմ ասում, ես ազգային մտածողություն ունեմ, ինքնահարգանք ունեմ և սիրում եմ իմ տեսակը։ Ես չեմ ատում մյուս տեսակները, բացառությամբ մի տեսակի։ Ես բոլոր ազգերին սիրում եմ։ Առաջին հերթին, իհարկե, ինքդ քեզ պիտի սիրես, ինքդ քեզ պիտի հարգես, որ քեզ սիրեն, հարգեն, քեզ հետ հաշվի նստեն։

-Այս պատերազմը Ձեզ համար հերոսներ ունի՞, ովքե՞ր են 44-օրյա պատերազմի հերոսները։

-44-օրյա պատերազմի բոլոր մասնակիցները հերոս են․․․Որովհետև ես տեսել եմ թե՛ կամավոր, թե՛ ժամկետային․․․Բոլորը կռվում էին և հաղթանակ կար իրենց աչքերի մեջ։ Շատ-շատ բաներ են եղել, փառք ու պատիվ մեր տղաներին։ Այստեղ անկազմակերպ վիճակ ստեղծվեց մեր բանակում և մեր զինվորների, մեր կամավորների մեղքով չի եղել։ Սա ես միշտ էլ ասել եմ, մեր բանակը չի պարտվել, սա քաղաքական պարտություն էր, որի արդյունքում մենք շատ կորուստներ ունեցանք։

 

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը