ABCMEDIA
Թոշակն ավելացել է, կյանքը՝ թանկացել

Թոշակն ավելացել է, կյանքը՝ թանկացել

Կառավարության հերթական մանիպուլյացիան դուրս սպրդեց 2024-ի բյուջեի քննարկման ժամանակ։ Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորները նորից բացել էին հին գզրոցը, հանել երգի նոտաների փոշոտ տետրն ու նույն երգն էին երգում։ Հիշել էին, որ կենսաթոշակները գրեթե հավասարեցրել են նվազագույն սպառողական զամբյուղին, ինչը դասական մանիպուլյացիա է։

Բանն այն է, որ այս տարվա հուլիսին էլ ասում էին, որ կենսաթոշակները բարձրացրել են ու առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը հավասարվել է նվազագույն պարենային զամբյուղին, որը կազմում էր 36 հազար 188 դրամ։ Իսկ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում էր մոտ 67 հազար դրամ։

Արդեն տարեվերջին նվազագույն պարենային զամբյուղի գինն աճել է մինչև 42 հազար դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը գերազանցել է նվազագույն աշխատավարձը և կազմում է ավելի քան 77 հազար դրամ։

Այսինքն՝ նույնիսկ եթե միայնակ թոշակառուն չի վճարում որևէ կոմունալ, կատարյալ առողջ է ու չունի որևէ դեղորայքի կամ բժշկական ծառայության կարիք, հագուստն էլ չի մաշվում, նույնիսկ այդ պայմաններում թոշակառուն թերսնվում է։