Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա իրավիճակը դեռևս զինված հակամարտության իրավիճակ է։ Այս մասին Defis humanitaires պարբերականին ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«2021-2022 թվականների հարձակումներից հետո Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Կան տարբեր ձևաչափերով նախաձեռնված բանակցություններ, բայց դրանք այսօր արդեն էական առաջընթաց չեն գրանցում․ Ալիևի հայտարարությունները նպաստում են այդ անհանգստությանը։
Հայերը ոչ միայն Ադրբեջանին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին «խաղաղության խաչմերուկի» առաջարկ են անում: Այս նախաձեռնությունն ուղղված է բոլոր հարևան պետությունների ինտեգրմանը՝ պահպանելով ազատությունը, փոխադարձությունը, հավասարությունը և միմյանց ինքնիշխանությունը։ Այս բանաձևը վայելում է Ֆրանսիայի աջակցությունը»,- նշել է դեսպանը։
Խոսելով ՀՀ-ին ռազմապես աջակցության մասին՝ Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ Ֆրանսիան, ընտրելով Հայաստանի հետ պաշտպանական հարաբերությունները, խախտեց տաբուն՝ դառնալով ՆԱՏՕ-ի առաջին այն երկիրը, որը պաշտպանական սարքավորումներ տրամադրեց ՀԱՊԿ անդամ Հայաստանին․
«Նույն ոգով հայերը շրջվում են դեպի Հնդկաստան և Հունաստան։ Մենք չպետք է մոռանանք նաև Իրանի մասին, որը Հայաստանի համար կարևոր հարևան է և բազմիցս վերահաստատել է իր մտահոգությունը, որ հայ-իրանական սահմանը վերահսկվում է այլ պետության, այլ ոչ թե Հայաստանի կողմից»։