Ես վստահ եմ, որ Կոնսերվատորիայի ու մյուս բուհերի «չեղարկման» որոշումը վերջնական չէ։ Եթե նիկոլական իշխանությունները զգան, որ այդ առիթով սկսում է անվերահսկելի գործընթաց, ապա հեշտությամբ հետ կկանգնեն որոշումից։ Առժամանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Դա շատ լավ գիտակցում են այդ որոշման «շահառուները»՝ բուհերի «քաղաքականությամբ չզբաղվող» ղեկավարությունն ու դասախոսական անձնակազմը։ Կոնսի [կիսա]նիկոլական ռեկտորի հայտարարության մեջ տեղ գտած՝ «հարգալից» լինելու պահանջը դրա վառ դրսևորումն է։
Հետևաբար «քաղաքականությամբ չզբաղվողների» նորանոր խմբերի բողոքը շարունակելու է մնալ «քաղաքականությամբ չզբաղվելու» տիրույթում, և նրանց հետ աշխատելու տեղ ԱՅՍ ՊԱՀԻՆ չեմ տեսնում։ Նրանց մի մասը կարող է վերջապես որոշել զբաղվել քաղաքականությամբ միայն եթե մոտակա օրերս, խոպանչիների օրինակով, որոշումը հետ չկանչվի։ Եվ այդ դեպքում՝ կարելի է մտածել։
Այս առումով, մեծ խնդիր չեմ տեսնում, երբ այդ մարդկանց «էրեսով են տալիս» իրենց անտարբերությունը այլ՝ ավելի կարևոր հանրային հարցերով։
Այլ է վիճակը ուսանողների մասով։ Նրանց հետ պետք է աշխատանք տանել հենց հիմա։ Նրանց հետ պետք է երկխոսել ու ոչ մի դեպքում «էրեսով չտալ» նախկին վարքագիծը՝ 2018-ը և այլն։
Ուսանողները շատ յուրահատուկ խումբ են. նրանք չեն սիրում, որ գլխներին ինչ-որ անհասկանալի մարդիկ լոլոներ են կարդում։ Առհասարակ չեն սիրում լոլոներ։ Ու հե՛նց նրանք զգան անկեղծություն ու վճռականություն, ապա էնպես ոտքի կկանգնեն, որ զարմանքից քար կկտրենք։
Սա՛ է իրականությունը «գետնի վրա»՝ ինչպես որ ես եմ տեսնում»,- նշել է Մելիքյանը։