ABCMEDIA
Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաները չեն կարող անկաշկանդ կերպով տեսանկարահանվել. ՄԻՊ

Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաները չեն կարող անկաշկանդ կերպով տեսանկարահանվել. ՄԻՊ

Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Արցախի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների նախապատրաստումն ու տարածումը հակասում են խնդրին առնչվող միջազգային չափորոշիչներին․ այս մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Նշենք, որ ադրբեջանական AzTV-ն մարտի 10-ին հրապարակել է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնսը։

«Նշված կարգավիճակով անձանց չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա տարբեր պատճառներով, այդ թվում` անձի արժանապատվությունը հարգելու և նրան ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար»,–գրել է նա:

Մանասյանի խոսքով` գտնվելով անազատության պայմաններում` նշված անձինք չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և իրենց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ, ինչն ունի առանցքային նշանակություն։

«Տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նշված անձինք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև այդ տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները»,–գրել է նա։

Նա նաև հիշեցնում է, որ դեռևս 2023 թվականի հունիսի 5-ին Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել էր տեսանյութ, որում անդրադարձել էր հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում էր 5 հայ ռազմագերու հետ։