ABCMEDIA
Երբևէ չզիջել․ սա Հայաստանն է՝ իր ամբողջության մեջ, սա մարտահրավեր է՝ նետված բոլորիս․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Երբևէ չզիջել․ սա Հայաստանն է՝ իր ամբողջության մեջ, սա մարտահրավեր է՝ նետված բոլորիս․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Հատված Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքից՝ Արևագալի ժամերգության աղոթքից առաջ․

 

«Չարիք է, սուտ և խաբեություն հողը չհանձնելու պատասխանատվությունը դնել տեղի գյուղերի ժողովրդի վրա։

 

Մեծ Պահքի ճամփորդության վերջին ենք մոտենում։ Շատ շուտով մուտք ենք գործելու Ավագ Շաբաթի մեջ։

 

Մեզ են սպասում առաջիկա բոլոր փորձությունները։

 

Մեզ մնում է միայն համոզված լինելու, որ ճշմարիտ ճանապարհի մեջ ենք և Հիսուս Քրիստոսի հետ միասին հարության խորհուրդն ենք հաստատելու շատ գործնական իմաստով՝ հանրային, հասարակական, ազգային, պետության կյանքում՝ մեզ նետված բոլոր մարտահրավերների դիմաց։

 

Սատանան առյուծի պես մռնչում է՝ հոշոտելու մեզ։ Սատանան, ընդհանրապես, դրսից չի լինում, ներսից է լինում։

 

Վերջին օրերը մեզ համար կանչ են եղել՝ կապված Տավուշի տարածաշրջանի «տարածքների» հանձնման հետ։

 

Մոլորեցնող մեղք է ուղղակի, չարիք է, սուտ և խաբեություն, երբ չհանձնելու պատասխանատվությունը դրվում է միայն տեղի մի քանի գյուղերի ժողովրդի վրա։

 

Սա մարտահրավեր է՝ ուղղված բոլորիս։

 

Նա, ով կոչված է լինելու անվտանգության երաշխավորը, նա ինքն է իր ձեռքերով հրաժարվում այս հողից և ահաբեկում իր իսկ ժողովրդին;

 

Այսօր՝ այս աղոթքի ժամին, նաև այդ հանձնառությունն ենք ստանձնում մեր այս խոցված վիճակով՝ երբևէ, որևէ կերպով չզիջել։

 

Եվ ոչ միայն մտածել չզիջելու մասին, այլև այդ ճանապարհով անցնելու հաղթանակի մասին։

Ինչպես մեր Տերն է գնացել այդ ճանապարհով, մեզ էլ՝ որպես իր անունին հավատացողներ, նույն կոչումն է բաժին ընկել` անցնել»։