02 Նոյ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նկուղում ծնված արցախցի փոքրիկը Մասիսում է մկրտվել

Նկուղում ծնված արցախցի փոքրիկը Մասիսում է մկրտվել

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, երբ շատերը նկուղներ էին շտապում,
Լիլիանան ծննդատանն էր․ առաջնեկը պետք է ծնվեր։ 

«Պատերազմի հաջորդ օրը նկուղում ծնվեց փոքրիկս՝ Ելենան։ Ողջ հղիությունը
շրջափակման մեջ եմ անցկացրել, դժվարությամբ էինք միրգ, բանջարեղեն ու հաց գտնում։ Վերջին
շրջանում անգամ միս գտնելն էր խնդիր։ Ամուսինս գյուղերից մի կերպ էր գտնում, քաղաք
հասցնում, որ երեխայի համար վիտամիններ հավաքեինք»,-պատմում է արցախցի կինը։

Ստեփանակերտում իրենց սեփական անկյունն ունեին։ Լիլիանան վարսահարդար
էր, ամուսինն էլ մեքենաների վերանորոգմամբ էր զբաղվում։ Այսօր Մասիս քաղաքում վարձով
տանն են ապրում։ Տանն անհրաժեշտ ամեն ինչ կա, բայց Արցախից միայն հագուստ են կարողացել
բերել, ուրիշ ոչինչ։

«Ամուսինս արդեն աշխատանք է գտել, ես Ելենայի հետ տանն եմ։ Շատ
փոքր է՝ 1,5 ամսական։ Երեխայի հետ աշխատանքը դեռ համատեղել չեմ կարող»,-ասում է նա։

Մասիսում մկրտվող ավելի քան 140 արցախցիներից ամենափոքրը Ելենան
էր։ Մկրտվում էր ծնողների մկրտության օրը։ 2021 թվականի նոյեմբերի 14-ին են ինքն ու
ամուսինը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մկրտվել։ 2 տարի անց
երեխային Ստեփանակերտում մկրտելն անկատար երազանք է դարձել։ Փոքրիկը՝ Մասիսի Սուրբ
Թադեոսում է ստանում Աստծո օրհնությունն ու դառնում հայ քրիստոնյա։ 

«Միայն խաղաղություն եմ խնդրում Աստծուց»,- գլխաշորը բարձրացնելով
շշնջում է Լիլիանան։