27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ին հորդորում ենք հայտնել խաղաղապահ զորախմբի՝ Արցախը լքելու իրական պատճառը․ ԱՀ ԱԺ

ՌԴ-ին հորդորում ենք հայտնել խաղաղապահ զորախմբի՝ Արցախը լքելու իրական պատճառը․ ԱՀ ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հորդորում են ՌԴ համապատասխան կառույցներին ու նրանց պատասխանատուներին անհապաղ խորհրդատվություններ ու քննարկումներ սկսել Արցախի ժողովրդի օրինական ընտրված ներկայացուցիչների հետ՝ Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման իրական պատճառների, դրա հետևանքով ստեղծված աղետալի վիճակի, առաջացած բազմաթիվ մարտահրավերների և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցություն։

«Արժանապատիվ ու հավաքական վերադարձի հարցը առաջնահերթություն է, որում անկյունաքարային նշանակություն ունի հիմնարար իրավունքների և անվտանգության երաշխավորումը»,- ասվում է հայտարարությունում։

ԱԺ խորհրդարանականները կարծում են՝ Արցախում միջազգային ներկայության բացակայությունը լրացուցիչ ազատություն է տալու «ամեն հայկականի» ոչնչացման և ընդհանրապես հայկական հետքի վերացման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նման իրավիճակում սպառնալիքի տակ են հայտնվելու հայկական հոգևոր, մշակութային բազմադարյա կոթողները, հայության սեփականությունն ու ազգային ունեցվածքը:

«Արցախի ժողովրդի՝ իր հազարամյա հայրենիքում միջազգային երաշխիքների առկայությամբ, բոլոր իրավունքների ու ազատությունների պահպանմամբ անվտանգ ու ապահով ապրելը անքակտելի իրավունք է, և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները մտահոգված են, որ Արցախից միջազգային կառույցների դուրսբերումն ընդհանրապես, իսկ ռուս խաղաղապահ զորակազմի դուրսբերումը՝ մասնավորապես, վտանգում է այդ իրավունքը։ Միաժամանակ, կարևոր ենք համարում ընդգծել նաև, որ նման որոշումների կայացումն առանց տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ արցախահայության ներկայացուցիչների հետ քննարկումների, անընդունելի է և որևէ կերպ չի կարող նպաստել կայուն, երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ու խնդրի հանգուցալուծմանը»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ 2 օր առաջ Մոսկվան ու Բաքուն հաստատել են ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի՝ բռնազավթված Արցախը լքելը։