ABCMEDIA
Ոստիկանների՝ խաղաղ հավաքներին խոչընդոտելու գործողությունները հանցագործություն եմ համարում․ փաստաբան

Ոստիկանների՝ խաղաղ հավաքներին խոչընդոտելու գործողությունները հանցագործություն եմ համարում․ փաստաբան

Պետությունը, ի դեմս ոստիկանների, պետք է զերծ մնա օրինական հավաքները խոչընդոտելու, մասնավորապես, զանգվածաբար բերման ենթարկելու գործողություններից։ Դրանք կոչված են խաղաղ հավաքները խոչընդոտելուն, կանխելուն, դադարեցնելուն։ «ABC լուրերի» հարցազրույցի ժամանակ ասել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի՝ միջազգային օրենքով խաղաղ, օրինական հավաքների ընթացքում չի կարելի մարդուն բերման ենթարկել, եթե անգամ հասարակական կարգը աննկատ խախտում է։ Այստեղ տեղի ունեցող հավաքների ժամանակ բնակիչները չեն էլ հասցնում ինչ-որ իրավախախտում իրականացնել, ոստիկանները միանգամից բերման են ենթարկում։

«Այսօր օրինակ՝ Չարենց փողոցում տեղի ունեցող հավաքի ժամանակ մարդիկ չէին հայհոյում, բռնություն չէին գործադրում, պարզապես փակել էին փողոցը, այսինքն՝ մի բան, ինչը արել է գործող իշխանությունը 2018 թվականին։ Այդ ցուցարարներին զանգվածաբար բերման ենթարկեցին․ ինչու՞։ Պարզ է, որ նպատակը ցույցերը դադարեցնելն է»,- նշում է փաստաբանը։

Հիշեցնել քրեական նոր օրենսգրքում ամրագրված օրենքներից մեկը՝ Վարազդատ Հարությունյանն ասել է․

«Կա հանցակազմ, որով քրեորեն պատժելի է դարձվել օրինական հավաք անցկացնելուն կամ մասնակցելուն խոչընդոտելը։ Հիշեցնեմ նաև, որ այս իշխանությունը տեր չի կանգնում այն մարդկանց, որոնք ծառայում են իրենց՝ օրենք խախտելով։ Վաղ թե ուշ այդ մարդիկ պատասխան են տալու օրենքի առաջ։ Ոստիկանների՝ խաղաղ հավաքներին խոչընդոտելուն ուղղված գործողությունները հանցագործութուն եմ համարում»,- ասել է Հարությունյանը։

Հիշեցնենք՝ այսօր Հանրապետության տարբեր հատվածներում՝ Տավուշից մինչև մայրաքաղաք Երևան, բնակիչները փակել էին փողոցները, միջհամայնքային ու միջպետական ճանապարհներ։ Նրանք այս քայլով հաջակցություն են հայտնել տավուշցիներին ու անհամաձայնություն՝ գործող իշխանության կողմից իրականացվող սահմանազատմանը։