ABCMEDIA
Politico․ Հազարավոր դոլարներ վճարելով ամերիկյան լոբբիստական ընկերություններին՝ Ադրբեջանը ԱՄՆ-ից փորձել է կորզել միլիոններ հայ-ադրբեջնական հակամարտության ֆոնին

Politico․ Հազարավոր դոլարներ վճարելով ամերիկյան լոբբիստական ընկերություններին՝ Ադրբեջանը ԱՄՆ-ից փորձել է կորզել միլիոններ հայ-ադրբեջնական հակամարտության ֆոնին

Ադրբեջանի կառավարությունն օգտվում է Վաշինգտոնում տեղակայված և լոբբիստական համբավ ունեցող K Street-ից ՝ ԱՄՆից միլիոնավոր դոլարներ կորզելու համար, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը մնում է անորոշ վիճակում: Պարբերականը հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տասնամյակներ շարունակվող տարածքային և էթնիկ հակամարտությունը բռնկվել է սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել և տիրացել է Լեռնային Ղարաբաղին, ինչի հետևանքով ավելի քան 100,000 էթնիկ հայեր փախել են՝ ցեղասպանության ենթարկվելու մտավախություն ունենալով։

ԱՄՆ օրենսդիրներն, արձագանքելով այդ իրադարձություններին, փորձել են արգելք դնել 2025-ի ֆինանսական տարում Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ արտաքին օգնությանը: Լոբբիստական ջանքերի մի մասն ուղղված է եղել այդ միջոցառման առաջխաղացումը կանխելուն։ Քաղաքական հարցերով զբաղվող Friedlander Group-ը նամակ է հղել ԱՄՆի Արդարադատության նախարարությանը՝ պնդելով, թե «այդ օրինագիծը վնասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»։ Ըստ նամակի՝ օրինագծում բազմաթիվ կեղծ մեղադրանքներ կան Ադրբեջանի դեմ, որոնք նպատակ ունեն Միացյալ Նահանգներին դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա թշնամանք սերմանելու իրավիճակում։

«Օրենսդրությունը բաց է թողնում, որ Ադրբեջանը եղել է Միացյալ Նահանգների առանցքային դաշնակիցը», – նշվել է նամակում։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կառավարությունը Friedlander Group-ին վճարել է ավելի քան 833,000 ԱՄՆ դոլար անցած մարտից մինչև սեպտեմբեր։ Մեկ այլ կազմակերպություն՝ BGR Group-ը ջանքեր է գործադրել, որպեսզի ԱՄՆն 15 մլն դոլար տրամադրի «Ադրբեջանի հակամարտությունից տուժած շրջաններն ականազերծելու համար»: Ընդգծվել է, որ Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է, այն մարդասիրական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային 2022 թին ռուսական ներխուժումից հետո և ընդլայնել էներգակիրների արտահանումը Եվրոպա՝ հակազդելու Ռուսաստանի լծակներին եվրոպական նավթի և գազի շուկայում: Իր լոբբիստական գործունեության համար BGR Group-ը Ադրբեջանի կառավարությունից 240,000 դոլար է ստացել անցյալ տարվա մայիսից մինչև նոյեմբեր: