04 Հոտ
2024
12.4° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
44-օրյա պատերազմի օրերին Երևանում խուսափում էին խնդիրներ լուծել ու փոխանցում էին ԳՇ-ին․ Արշակ Կարապետյան

44-օրյա պատերազմի օրերին Երևանում խուսափում էին խնդիրներ լուծել ու փոխանցում էին ԳՇ-ին․ Արշակ Կարապետյան

Ադրբեջանի կողմից հարձակման նոր վտանգ կա՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» վերցնելու Բաքվի ցանկության հետ, որպեսզի դրա միջոցով կապ ունենա Նախիջևանի և Թուրքիայի հետ․ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ Известия-ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ՝ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Բաքվի այս գործողություններն Ալիևին կդնեն ծանր դրության մեջ և կշրջվեն նրա դեմ, իսկ արևմտյան երկրները նրան կընդգրկեն բռնապետերի ցուցակում և կմասնատեն Ադրբեջանը։ Ըստ Կարապետյանի՝ եթե զինված ագրեսիայի փորձ կատարվի, ապա արևմտյան ինչ-որ կոալիցիա Ալիևին կհայտարարի բռնապետ և հարմար պատրվակ կունենա երկիրը զավթելու, դրանից հետո հանրապետությունը կբաժանվի, և նավթն ու գազն էժան գնով «կթափվեն» դեպի Արևմուտք։

Կարապետյանի խոսքով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի փորձը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չունի փորձ և ռազմական պատրաստվածություն։ Ըստ Կարապետյանի՝ մինչև 44-օրյա պատերազմը ողբերգությունն այն էր, որ իշխող թիմի մեծ մասը ծայրահեղ վատ էր պատկերացրնում ԶՈւ կարիքներն ու պահանջները։

«Չգիտես ինչու այդ մարդիկ կարծում էին, որ պատերազմի դեպքում ռազմական գործողությունների համար պատասխանատվությունը կրելու է միայն Պաշտպանության նախարարությունը։ Միաժամանակ, ադրբեջանցիներն այլ մոտեցում ունեն․ պատերազմի դեպքում ամբողջ երկիրը կռվում է։ 2020 թվականի հակամարտությունն սկսվելուց հետո այնտեղ անմիջապես հայտնվեց շտաբ, որտեղ երկրի նախագահը ծառայեց որպես գլխավոր հրամանատար և ակնհայտորեն պատասխանատու էր արդյունքի համար»,- ասել է նա։

2020-ի 44 օրյա պատերազմի օրերին Երևանում խուսափում էին շատ խնդիրներ լուծել ու փոխանցում էին ԳՇ-ին, հայտարարել է Կարապետյանը։

Նախկին նախարարը պնդում է՝ 2020 թվականի հունիսի 12-ից հետո Փաշինյանին ասել էր, որ Ադրբեջանը որոշել է պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Նա նաև հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից նոր հարձակման վտանգ կա՝ կապված միջանցքը վերցնելու Բաքվի ցանկության հետ, որպեսզի դրա միջոցով կապ ունենա Թուրքիայի հետ։ Բացի այդ, նրա խոսքով, բավականաչափ վիճակագրություն և բաց տվյալներ կային մոտալուտ պատերազմ կանխատեսելու համար՝ Ժողովրդագրական առավելությունն Ադրբեջանի ուղղությամբ, բանակի չափը և զենքի գնման արժեքը։

«1990-ականներին Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համադրելի էին։ Մեր բնակչությունը մոտենում էր 4 միլիոնի, մեր հարևաններն ունեին մոտ 6 միլիոն մարդ, 30 տարի անց Հայաստանում մնաց 2,5 միլիոն մարդ, Ադրբեջանն, ընդհակառակը, հասավ 10 միլիոնի։ Բյուջեն ու զինված ուժերն անհամեմատելի են»,- ասել է նախկին նախարարը։

Ըստ Կարապետյանի՝ ադրբեջանական բանակի թիվը հասնում է 150 հազարի՝ մինչև 800 հազար մոբիլիզացիոն ռեզերվով, մեր թվերը մի քանի անգամ ավելի փոքր են։

«Ադրբեջանը բացարձակ գերազանցության է հասել նաև սպառազինության, տեխնիկայի և կրակային հզորության առումով։ Նման պայմաններում հեռանկարները բավականին պարզ էին թվում»,- նշել է Կարապետյանը։