
Բելառուսում քաղբանտարկյալների թիվն աճել է 55 անգամ․ Deutsche Welle
Չորս տարում Բելառուսում քաղբանտարկյալների թիվն աճել է 55 անգամ, հայտնել է Deutsche Welle -ն։
Անվտանգության ուժերը ձերբակալել են մոտ 65 հազար քաղաքացու, որոնցից գրեթե 7 հազարը ներգրավվել են քրեական գործերի մեջ։
Հինգ մարդ զոհվել է ցույցերի ժամանակ, վեցը՝ բանտում։ Դեռևս 2019 թվականին բարձրացվել է ՆԳՆ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը լուծարելու հարցը։ Նիկոլայ Կարպենկովը, որն այն ժամանակ վարչության ղեկավարն է եղել, արագորեն կողմնորոշվել է 2020 թվականին. նրա բաժինը դարձել է ամենադաժաններից մեկը բողոքի ցույցերը ճնշելու հարցում:
Այսօր արդեն չի խոսվում վարչության լուծարման մասին, իսկ ինքը՝ Կարպենկովը, ստացել է Ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը և ակտիվորեն աշխատում է ռազմական ուղղությամբ, այդ թվում՝ «Վագներ» ռազմական ընկերության մարտիկների հետ։ Միևնույն ժամանակ՝ նրանք, ովքեր «թուլություն» են ցույց տվել, զիջել են իրենց դիրքերը։ Օրինակ՝ այն ժամանակվա գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը գործուղվել է Հայաստան՝ որպես դեսպան։ Justice Hub կենտրոնի տվյալներով՝ յուրաքանչյուր երրորդ դատավորը ներգրավված է քաղաքական բռնաճնշումների մեջ:
Դատավորները անօրինական որոշումներ են կայացնում և անտեսում խոշտանգումները և մեղադրյալի ծանր վիճակը։ Կան միայն առանձին դեպքեր, երբ դատավորները հրաժարվել են քաղաքական դատավարություններ իրականացնել կամ դիտավորյալ անօրինական որոշում կայացնել, ինչի համար վճարել են իրենց կարիերայով։ Եվ հակառակը, նրանք, ովքեր համաձայնել են մասնակցել բռնաճնշումներին, ստացել են պաշտոնի բարձրացում։