
Թեյ՝ Փաշինյանին, տոլմա՝ Սերժ Սարգսյանին. ինչպե՞ս են դիմավորում ՀՀ ղեկավարներին Թուրքիայում
Նիկոլ Փաշինյանի այցն Անթալիա առանձնանում է ոչ այնքան քաղաքական բովանդակությամբ, որքան խորհրդանշական և արարողակարգային հանգամանքներով․ ABC Media-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա ուշադրություն է հրավիրում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի դիմավորման տարբերություններին՝ ընդգծելով, որ Անկարան Իլհամ Ալիևի այցին վերաբերվել է որպես դաշնակից պետության ղեկավարի այցի, մինչդեռ Փաշինյանի այցը, նրա բնորոշմամբ, առանձնակի հետաքրքրություն չի առաջացրել թուրքական քաղաքական և վերլուծական շրջանակներում։ Մելքոնյանի խոսքով՝ ուշագրավ է նաև այն, որ Փաշինյանը, որ հաճախ իր արտաքին քաղաքական քայլերը հիմնավորում է ինքնիշխանության սկզբունքով, տարբեր առիթներով այցելում է Թուրքիա։
«Փաշինյանը, որն ինքնիշխանության պատրվակներով հրաժարվում է կամ շատ հաճախ չի գնում Մոսկվա, կարծես թե ամեն պատեհ և անպատեհ առիթով օգտագործում է Թուրքիա այցելելու հնարավորությունը։ Դա կապ չունի, թե ինչ ոճի միջոցառում է։ Այս առումով կարող ենք արձանագրել մի սիմվոլիկ պատկեր՝ Մոսկվայի փոխարեն՝ Թուրքիա»,- նշեց թուրքագետը։
Անդրադառնալով Անթալիայում արարողակարգային մանրամասներին՝ թուրքագետը համեմատեց Էրդողանի վերաբերմունքն Ալիևի և Փաշինյանի նկատմամբ։
Նրա խոսքով՝ Ալիևի այցը տեղի է ունենում թուրք-ադրբեջանական հարաբերություններում վերջին օրերին առկա լարվածությունից հետո, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր այցելել Թուրքիա։ Սակայն Անկարայում նրան դիմավորել են բարձր մակարդակի արարողակարգով, մինչդեռ Հայաստանի վարչապետի այցը, Մելքոնյանի գնահատմամբ, սովորական և առանձնապես նշանակալի իրադարձություն չի դարձել։ Թուրքագետը հիշեցնում է, որ Հայաստանի նախկին նախագահների՝ Թուրքիա կատարած այցերը բոլորովին այլ միջազգային և քաղաքական արձագանք են առաջացրել։
«Հայաստանի նախկին նախագահների՝ Թուրքիա այցերն ուղեկցվել են քաղաքական և մեդիա մեծ ուշադրությամբ: Դա պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը տարածաշրջանային գործոն էր, խաղացող, ուներ իր ուժային հնարավորություններն ու գործիքակազմը»,- ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ նախկին նախագահների այցերի նկատմամբ հետաքրքրության պատճառներից մեկն էլ Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի հաղթանակն էր։
«Թուրքական ընկալմամբ՝ նրանք հաղթած թշնամիներ էին, որոնց նկատմամբ հարգանք և զգուշավորություն չունենալն անհնար էր։ Այդ վերաբերմունքն արտահայտվում էր նաև արարողակարգի տարբեր տարրերում»,- նշեց թուրքագետը։
Ի տարբերություն նախորդ նախագահների՝ Փաշինյանին Մելքոնյանը բնութագրում է որպես պատերազմում պարտված ղեկավարի։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի գործող վարչապետի քաղաքական քայլերն ու հայտարարությունները, ինչպես նաև թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հնչեցրած թիրախավորումների նկատմամբ արձագանքների բացակայությունն ազդել են Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի վրա։
Մելքոնյանը պնդում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թիրախավորվող հայկական ազգային խորհրդանիշերի, Հայոց ցեղասպանության հարցի և Հայ առաքելական եկեղեցու շուրջ Փաշինյանի վարած քաղաքականությունը համահունչ է այդ երկրների շահերին։ Նրա այս գնահատականը ներկայացնում է իր քաղաքական մեկնաբանությունը։
«Հայաստանը սպառել է իր դիվանագիտական ամբողջ զինանոցը և բանակցությունների գնում է դատարկ դիվանագիտական գրպաններով։ Ուստի որևէ երկիր, առավել ևս՝ արևելյան երկիր, Հայաստանի նկատմամբ դրսևորելու է զրո հետաքրքրություն»,- ասաց թուրքագետը։
Մելքոնյանի համոզմամբ՝ Փաշինյանի այցն Անթալիա հետագայում իշխանական շրջանակները կներկայացնեն որպես խաղաղության ամրապնդման և Հայաստանի ինքնիշխանության բարձրացման ևս մի կարևոր քայլ։ Իսկ Հայաստանի նախկին և ներկա ղեկավարների այցերի տարբերությունը Մելքոնյանը պատկերավոր է ներկայացնում նույնիսկ արարողակարգային մի դրվագով։ Հիշեցնելով Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա կատարած այցը՝ նա պատմում է, որ Թուրքիայի այն ժամանակվա նախագահի կինը՝ Հայրունիսա Գյուլը, նրա պատվին հատուկ տոլմա էր պատրաստել, և այդ մասին պաշտոնապես հայտարարվել էր։
«Սերժ Սարգսյանն այցելել էր, Գյուլի կինը նրա համար տոլմա էր պատրաստել, և դա հայտարարում էին։ Իսկ Փաշինյանը մի տեղ թեյ է վերցրել, խմում է»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։
Նանե Հայրապետյան


