ABCMEDIA
Դեմ ենք տարածաշրջանում սահմանների փոփոխություններին․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դեմ ենք տարածաշրջանում սահմանների փոփոխություններին․ ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Իրանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ տարածաշրջանում սահմանների փոփոխության հարցում։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ դեմ ենք տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխություններին․ սահմանների փոփոխությունը մեր համար կարմիր գիծ է, դա Իրանի բարձրագույն իշխանությունների մակարդակով է հայտարարվել, և ոչ ոք չի կարող հետ կանգնել դրանից»։

Դեսպանն ընդգծել է, որ այլ երկրի տարածքում արտատարածքային միջանցք ստեղծելու որևէ իմաստ չկա, և որ ամեն երկրի հաղորդակցման ուղիները գտնվում են իր ինքնիշխանությունն այդ տարածքում իրացնող պետության ձեռքում։
«Կարծում եմ՝ Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի արծարծումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքիշխանության հետ։ Ինչպես նշված է Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, Հայաստանի տարածքում տարածքային ցանկացած կապ պետք է գործի այդ երկրի ազգային ինքնիշխանության ներքո։ Այն երկրները, որոնք խոսում են Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի մասին, պատրա՞ստ են արդյոք իրենց տարածքում ստեղծել նման արտատարածքային միջանցքներ։ Կարծում եմ՝ պատասխանը բացասական է։ Ուստի, այն, ինչն իրենք իրենց համար չեն ցանկանում, ուրիշների համար ևս չպետք է ցանկանան»,- հայտարարել է Իրանի դեսպանը։