
Այն, որ զինծառայողների մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, նորություն է. Սուրեն Պապիկյան
Այն, որ զինծառայողների մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, նորություն է Հայաստանի Հանրապետությունում։ Ինչո՞ւ։ Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ այս հարցին պետք է նայել վիճակագրության ձևով, բայց կյանքը, անցյալը և ընդհանրապես բանակի պատմությունը նույնպես որոշակի վիճակագրություն են ենթադրում. այսօր տված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով վերջին տարիների ընթացքում Զինված ուժերում ինքնասպանությունների, ինքնասպանության հասցնելու դեպքերի և սպանությունների վիճակագրությունը։
«ՀՀ պատմության, բանակի ամբողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես եղել են։ Դրանք բարձրացել են, իջել են։ Օրինակ՝ 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է նվազագույնի՝ 2-ի։ Մի քանի վիճակագրական տվյալ ներկայացնեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ 2015 թվականին դեպքերի թիվը եղել է 7, իսկ 2016-ին, հավանաբար՝ Ապրիլյան պատերազմից հետո, թիվը միանգամից դարձել է 19։ Ես հոգեբան չեմ և չեմ կարող այստեղ գնահատական տալ»,- ասաց նա՝ հավելելով․ «Այդ նույն ժամանակահատվածում աշխատել է նույն նախարարը, նույն գլխավոր շտաբի պետը, և վստահաբար նույն հետևողականությամբ աշխատանք է տարվել։ 2017 թվականին թիվը դարձել է 13, 2018-ին՝ 12, 2019-ին՝ 11 դեպք։ Խոսում եմ ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու և սպանության դեպքերի մասին։ Չեմ խոսում առհասարակ բանակում ինֆարկտից, ավտովթարից և տարբեր այլ պատճառներով մահերի մասին»։
2020 թվականին այդ թիվը եղել է 10, 2021-ին՝ 10, 2022-ին՝ 8, 2023-ին՝ 9, 2024-ին՝ 11, 2025-ին՝ 2, իսկ 2026-ին՝ 8։
«Սա վիճակագրություն է այն մասին, որ վերջին 1 տասնամյակի ընթացքում այդ թվերը և՛ մեծացել են, և՛ նվազել։ Դրանք ունեն տարբեր պատճառներ։ Դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների, մի մասը՝ քրեական ենթամշակույթի հետևանք է։ Սա մարտահրավեր է, որը միայն իմը չէ։ Անկախ նրանից՝ պաշտպանության նախարար կլինեմ ես, թե այլ մարդ, այս խնդրին պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել։ Ես չպետք է խորշեմ լսել, երբ դուք ներկայացնում եք որևէ խնդիր։ Այդ խնդրի հետևից պետք է գնանք՝ և՛ դուք, և՛ ես»,- ասել է Սուրեն Պապիկյանը։


