
Իրավապահ մարմինների կողմից Արագածոտնի թեմի հոգևոր դասի նկատմամբ իրագործված բռնաճնշումները, շինծու մեղադրանքները իշխանությունների քաղաքական քինախնդրության ակնհայտ դրսևորումներն են․ հայտարարություն
Արագածոտնի թեմի ողջ հոգևոր դասը, վանականները, աշխատակիցները, հավատավոր ժողովուրդը խստորեն դատապարտում են Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, թեմի դիվանապետ Արժանապատիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի հանիրավի կալանքի տակ գտնվելու փաստը և թեմի գլխավոր հաշվապահ տիկին Նաիրա Ալավերդյանի նկատմամբ որոշումը․ այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։
«Ակնհայտ է, որ այս ամենը իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից են, ինչի հետևանքով խաթարվել է թեմի բնականոն ընթացքը և փոթորկվել է պարզ հավատացյալների առօրյան:
Իրավապահ մարմինների կողմից Արագածոտնի թեմի հոգևոր դասի նկատմամբ իրագործված բռնաճնշումները, ապօրինի գործողությունները, դատաիրավական համակարգի անարդար որոշումները, շինծու մեղադրանքները իշխանությունների քաղաքական քինախնդրության ակնհայտ դրսևորումներն են։
Հուսով ենք, որ ամեն բան կշտկվի, և մեր Առաջնորդը, հոգևոր եղբայրը և աշխատակիցը կվերադառնան իրենց ծառայությանը:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված արդարության վերականգնման համար:
« Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է,
Իրավունքդ բազում խորությունների նման:(Սաղմոս 35.7)»,-ասված է հայտարարության մեջ։


