20 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մանկավարժական համալսարանը ռեկտորի պաշտոնակատար ունի․ ո՞վ է նա և ինչո՞վ է աչքի ընկել

Մանկավարժական համալսարանը ռեկտորի պաշտոնակատար ունի․ ո՞վ է նա և ինչո՞վ է աչքի ընկել

ԿԶՆԱԿ-ի՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Վերհիշենք՝ ո՞վ է Լիլիթ Մկրտչյանը, ի՞նչ կենսագրություն ունի և ի՞նչ սկանդալի կենտրոնում էր հայտնվել ժամանակին:

Մանկավարժական համալսարանի ռեկտորի նորանշանակ պաշտոնակատարը  թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել, որի շրջանակում ստորագրել էր մի ձեռնարկ, որտեղ Հայկական լեռնաշխարհը «Արևելյան Անատոլիա» կամ «Կովկաս» է անվանվում։ ԳԱԱ պատմության ինստիտուտն էլ որոշել էր այս հարցով դիմել ԱԱԾ։ Մկրտչյանն այս տեղեկությունը չէր հերքել։

«Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացները իրար հետ ամենևին չխառնեն, որովհետև իրար հետ կապ չունեն»,-հայտարարել էր Լիլիթ Մկրտչյանը՝ անդրադառնալով իր հայ գործընկերների  արձագանքներին։

Ծրագիրը կյանքի է կոչվել 2016-2017 թվականներին։

Մկրտչյանը  «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավարն էր։ Այս խոսակցությունների ժամանակ Մկրտչյանը հորդորել էր չափորոշիչներն ու ծրագրին մասնակցությունը իրար հետ չկապել։

Անդրադառնալով քննադատություններին՝ նա հայտարարել էր՝ եթե գիտությունը դեմ է հայկականությանը, նշանակում է՝ մենք՝ որպես Հայաստանի գիտնականներ, այդտեղ անելիք ունենք։

«Հայկական իրականությունից դուրս՝ համաշխարհային պատմագիտական միջավայրում, Հայկական լեռնաշխարհը հենց այդ տերմինաբանությամբ է օգտագործվում»,- շեշտել էր  նա ու հավելել, որ այլ բան է, որ իրենք՝ պատմաբաններն ու գիտնականները, պետք է աշխարհի հետ երկխոսեն ու աշխարհին ցույց տան, որ նրանց ասած Անատոլիա հատվածը Հայկական լեռնաշխարհն է, և կիրառության մեջ մտնի Հայկական լեռնաշխարհ տերմինաբանությունը, ոչ թե Անատոլիան:

44-ամյա պատմաբանը ԵՊՀ-ի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչն է։ 1998-2012 թվականներին կթություն է ստացել Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։

2004 թվականից մինչ օրս դասավանդում է մայր բուհում, 2016-2020 թվականներին դասավանդել է Շիրակացու ճեմարանում։ 2021 թվականից առ այսօր հանդիսանում է կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթության  զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում։ Մկրտչյանը հիմնադրել է «Երիտասարդ պատմաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, «EduArmenia» կրթական նախաձեռնության համահիմնադիրն է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026