06 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրյուսելի ղեկավարներն ազդանշան են տալիս Փաշինյանին. մենք կներենք ձեր բոլոր մեղքերը, եթե խաղաք մեր կանոններով․ ռուսական մամուլ

Բրյուսելի ղեկավարներն ազդանշան են տալիս Փաշինյանին. մենք կներենք ձեր բոլոր մեղքերը, եթե խաղաք մեր կանոններով․ ռուսական մամուլ

Ռուսական մամուլը շարունակում է ակտիվորեն անդրադառնալ Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովներին։ Հիմնական թեզերը և շեշտադրումները կենտրոնանում են 4 ուղղությամբ՝

  • ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումն ուներ շեշտված հակառուսական բնույթ։
  • ԵՄ-ի հետ մերձեցումը, քաղաքական կուրսի փոփոխությունը և դրանից բխող հետևանքները ՀՀ-ի և նրա տնտեսության համար կլինեն կործանարար։
  • Հեգնական, երբեմն վիրավորանքի հասնող և քննադատական մոտեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ։
  • Իրադարձությունների սերտ կապ ՀՀ-ում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։

ТАСС լրատվական գործակալության հետ զրույցում «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին ընդգծել է՝ եվրոպացիները գագաթնաժողովն անցկացրին Երևանում՝ որպես իրենց ագրեսիվ հակառուսական հռետորաբանության քաղաքական ցուցադրություն։ Նրա խոսքով՝ միջոցառումը նախատեսված չէր որոշումներ կայացնելու համար։

РИА Новости-ն գրում է, որ վերջին երկու օրերն իսկական տոնակատարություն էին Նիկոլ Փաշինյանի համար։ Այս նվերը հատկապես նշանակալից է Փաշինյանի համար. խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը մեկ ամիս, և դժվար է պատկերացնել ավելի լավ հնարավորություն՝ բարձրացնելու վարկանիշը՝ ցույց տալով Երևանի նվիրվածությունը Եվրոպային։

Փոփոխվող աշխարհում Հարավային Կովկասը ձեռք է բերում հատուկ դեր. այլ կերպ չէր կարող լինել այդքան բարդ տարածաշրջանում, որը գտնվում է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների խաչմերուկում։ Եվ ավելի ճկուն գործելու Երևանի ցանկությունը հասկանալի է։ Սակայն ի հայտ եկող նոր աշխարհակարգի համատեքստում շատ հեշտ է խաղացողից վերածվել հարևանների համար «խոշոր շահումի»՝ հատկապես հաշվի առնելով լարված հարաբերությունները։

Տարբեր ԶԼՄ-ներ հրապարակել են փորձագետների և քաղաքագետների կարծիքներ։ Դրանց թվում են ТАСС-ը, РИА Новости-ն, Известия-ն, Вести-ն, News.ru-ն, Комсомольская правда-ն, Газет.ru-ն, Московский Комсомолец-ը, НТВ-ն և այլն։

Այսպիսով՝ ընդհանրացնելով փորձագետների և քաղաքագետի մեկնաբանությունները՝ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա դաշնակիցները վտանգում են կորցնել երկրի անկախությունը՝ փորձելով վերակողմնորոշվել դեպի Արևմուտք։ Սակայն Երևանը կբախվի զգալի տնտեսական կորուստների, իսկ հայ ժողովրդին դժվար ժամանակներ են սպասվում։

Ըստ նրանց՝ ԵՄ-ն Կովկասում իրականացնում է իր ազդեցությունն ընդլայնելու ռազմավարություն, որի նպատակն է մեկուսացնել Ռուսաստանը հավատարիմ, վստահված պետությունների ցանցի միջոցով։ Սակայն, ըստ փորձագետների, ՀՀ-ն ո՛չ 10, ո՛չ էլ 50 տարի անց չի դառնա ԵՄ անդամ… Բայց նրանք, որոնց համար կազմակերպվում են Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի նման միջոցառումներ, դա չգիտեն։ Բրյուսելն ու Վաշինգտոնը հետապնդում են իրենց սեփական շահերը։ Հայաստանի քաղաքական և տնտեսական ձգտումները ԵՄ-ի համար հետաքրքրություն չեն ներկայացնում։ Ինչպես նշում են փորձագետները, Նիկոլ Փաշինյանի վարքագիծը ԵՔՀ գագաթնաժողովի ժամանակ ցուցադրաբար կասկածի տակ դրեց ռուս-հայկական ավանդական կապերը։ Սա հանգեցրեց որոշ ծիծաղելի իրավիճակների։

Բացի այդ՝ Եվրամիությունն ակտիվորեն միջամտում է Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ ընթացող ընտրարշավին։ Ըստ էության՝ այն բացահայտորեն հայտարարում է, որ եվրոպացիներն աջակցում են Փաշինյանի ներկայիս վարչակազմին և վերընտրությանը։ НТВ-ն նաև շեշտում է, որ հայկական ժողովրդավարության հաջողությունների մասին հռետորաբանությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետ Փաշինյանը լայնածավալ արշավ է վարում Եկեղեցու դեմ՝ հրամայելով ձերբակալել գործարարներին և քաղաքական մրցակիցներին, որոնք այնուհետև առանց դատավարության պահվում են բանտում։ Սակայն Բրյուսելի ղեկավարներն ազդանշան են տալիս Փաշինյանին. մենք կներենք ձեր բոլոր մեղքերը, եթե խաղաք մեր կանոններով։ Նրանց, անշուշտ, Հայաստանը պետք է որպես անկլավ, որպես տարածք, որը կարող է օգտագործվել, այդ թվում՝ Իրանի և, հնարավոր է, նույնիսկ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում։ Փոխարենը՝ Փաշինյանին խոստացել են աջակցություն առաջիկա ընտրություններում։ Նրա՝ վարչապետի պաշտոնը պահպանելու հնարավորությունները ներկայում թույլ են։

Ընդհանուր իրադարձություններին համապարփակ անդրադարձել է նաև РБК-ն, որի հոդվածը դիտարկվածների թվում ամենանեյտրալն էր՝ ներկայացնելով դեպքերի և իրադարձությունների ժամանակագրություն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026