
Բաքվում հայ գերիները որպես լծակ են պահվում քաղաքական հարցերի համար. Սիրանուշ Սահակյան
Բաքուն կիրառում է «պատանդային դիվանագիտություն», այսինքն՝ գերիները պահվում են որպես լծակ՝ քաղաքական օրակարգային խնդիրների լուծումները հասունացնելու կամ դրանց կատարումն ապահովելու համար․ հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
«Եվ եթե մենք դիտարկենք նախորդ հայրենադարձման դեպքերը, ապա յուրաքանչյուրի հետևում կարող ենք տեսնել կոնկրետ քաղաքական օգուտներ, այսինքն՝ քանի դեռ սպասարկվում են քաղաքական շահեր, այդ հարցը տեղաշարժ կարող է ունենալ։ Այսինքն՝ հարցը կորցրել է իր մարդասիրական բնույթը, իսկ մարդասիրական բնույթի խնդիրները որպես կանոն միջազգային ներգրավվածությամբ ավելի արագ են լուծվում։ Ուստի այս հարցում առաջընթացն ուղիղ համեմատական է քաղաքական տեղաշարժերի հետ»,- ասել է նա՝ բերելով օրինակներ․ «Օրինակ՝ ականապատ դաշտերի քարտեզների վերադարձ, կամ հանցագործների, վարձկանների վերադարձ, COP 29-ին քաղաքական աջակցություն, Հունգարիայի հեղինակության բարձրացում»։
Նրա խոսքով՝ հիմա ինտենսիվ քննարկվում է նախընտրական փուլում գերիների հնարավոր ազատ արձակման հարցը։
«Չենք կարող ասել, որ դա միակ դոմինանտ գործոնն է, բայց այո՛, գործոն է»,-հավելել է իրավապաշտպանը։


