
Եկեք մի փոքր համբերատար լինենք․ Երևանի քաղաքապետարանը՝ Կիևյան կամրջի փակման առաջացրած խցանման մասին
Կիևյան կամրջի նորոգման ու ամրացման աշխատանքներն արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են․ գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։
«Քաղաքի երկու հատված միացնող այս կարևոր հանգույցի փակումը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկության վրա, բայց այս ժամանակահատվածը, թերևս, ամենաօպտիմալն էր՝ հաշվի առնելով արձակուրդի շրջանը: Ի սկզբանե քաղաքապետարանն իրազեկել էր երթևեկությունը վերակազմակերպելու մասին, հրապարակել նաև փոփոխված երթուղիները, բայց, որպես կանոն, նման դեպքերում, մի որոշ շրջան է պահանջվում երթևեկությունը ժամանակավոր տրամաբանության հուն բերելու համար:
Շատ վարորդների և քաղաքացիների դժգոհությունն, այո, սպասելի էր և, միանգամայն, բնական, բայց նման մասշտաբային աշխատանքների համար, երթևեկության այս ծանրաբեռնվածության ու մեքենաների ահագնացող հոսքի պարագայում, հավատացեք, ավելի հարմար ժամանակահատված դժվար է գտնել՝ հաշվի առնելով, որ կամրջի նորոգումն ու ամրացումն, իսկապես, անխուսափելի ու անհետաձգելի էր: Փոփոխվում են դեֆորմացիոն կարերը, ապահովվում է ջրամեկուսացումը, տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ, նորոգվում են մայթերն ու բազրիքները, վերականգնվում կառուցվածքների պաշտպանիչ շերտերը: Այս աշխատանքների պատճառած անհարմարություններից դժգոհ մարդկանց կողքին, անշուշտ, կան նաև կամրջի նորոգման անհրաժեշտությունը գիտակցող և ներողամիտ քաղաքացիներ:
Արդյունքում մենք կունենանք ավելի հարթ, անվտանգ, հարմարավետ երթևեկություն, իսկ որ ամենակարևորն է՝ կապահովենք կամրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն: Եկեք մի փոքր համբերատար լինենք, զերծ մնանք մանրախնդիր դատողականությունից ու որակումներից, անհեթեթ մեկնաբանություններից և առաջնորդվենք Երևանի ու երևանցիների տրանսպորտային անվտանգությանն ուղղված այս կարևոր հեռանկարի հանդեպ լավատեսությամբ»,- գրել է նա։


