19 Հլս
2024
23.3° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի հետ հարաբերություններում ևս գործող իշխանությունը միայն թերի համաձայնությունների է գալու․ քաղաքագետ

Ֆրանսիայի հետ հարաբերություններում ևս գործող իշխանությունը միայն թերի համաձայնությունների է գալու․ քաղաքագետ

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է եկել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Սա կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, որը կարող է ռազմական ոլորտում նշանակելի փոփոխության հնարավորություն լինել․ ABC media-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը։

 

«Եթե Հայաստանի իշխանությունները ճիշտ աշխատեն, անվտանգային համակարգում լուրջ փոփոխությունների կհասնենք։ Սակայն, դատելով Հայաստանի գործող իշխանության քայլերից, կարող ենք վստահ ասել, որ այս իրադարձությունը մակերեսային, թերի համագործակցությունից ավելին չի լինելու»,- ասել է Պողոսյանը։

 

Խոսելով Ֆրանսիայի հետ հարաբերությունները խորացնելու ֆոնին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին՝ Պողոսյանը նշում է, որ այն ձեռնտու է Արևմուտքին ու Եվրոպային, բայց ոչ Հայաստանին։

 

«Ֆրանսիան բացահայտ հավանություն է տալիս Հայաստանի՝ Ռուսաստանից հեռանալու և դեպի Արևմուտք գալու քայլերին։ Այն ավելի հաճելի է Արևմուտքին՝ ոչ թե Հայաստանի պես դաշնակից ունենալու, այլ Մերձավոր Արևելքում ՌԴ-ին մենակ թողնելու համար»,- նշել է քաղաքագետը։

 

Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությանը՝ Պողոսյանը նշել է․

 

«Հայաստանը իրավական որևէ քայլ չի իրականացրել այդ ուղղությամբ։ Սառեցնել ասելը միգուցե նկատի ունի փոխադարձ այցեր չլինելը, բայց դա չի նշանակում՝ Հայաստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ Այս հայտարարությունը Արևմուտքի ականջը շոյելու համար էր միայն»,- ընդգծում է Պողոսյանը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը հարցազրույց էր տվել France24  հեռուստաալիքին ու խոսել ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու, հնարավոր նոր պատերազմի ու Ալիևի՝ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին։  Այս հարցազրույցից հետո ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը արձագանքել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու Փաշինյանի հայտարարությանն ու նշել․

 «Մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ կապ հաստատել և հստակեցնել այդ հայտարարությունների իմաստը։ Հուսով ենք՝ մեր հայ գործընկերները մեզ ամեն ինչ կպարզաբանեն»,- ասել է Պեսկովը:

Հայաստանը Դմիտրի Պեսկովի հայտարարությանը դեռ չի պատասխանել։