ABCMEDIA
Պիտի հասկանան՝ Հայաստանը չի հանձնվել և չի հանձնվելու ոչ մի պարագայում, հուսալքվելու իրավունք չունենք. Վարդան Ոսկանյան

Պիտի հասկանան՝ Հայաստանը չի հանձնվել և չի հանձնվելու ոչ մի պարագայում, հուսալքվելու իրավունք չունենք. Վարդան Ոսկանյան

Փոփոխությունները շատ կարևոր են ոչ միայն ներքին խոսույթի, այլև ներքին դիրքորոշումները թշնամուն ի ցույց դնելու առումով. այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է Սրբազան երթին մասնակցող իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Թշնամին պետք է հասկանա, որ Հայաստանը չի հանձնվել և չի հանձնվելու ոչ մի պարագայում։ Այն մտածումները, որոնք առկա են Բաքվի բռնապետական վարչախմբի ներսում, առ այն, որ Հայաստանը կապիտուլացված է և Հայասատանը կգնա բոլոր հնարավոր և անհնար զիջումների, ճիշտ չէ։ Նման շարժումներով է ցույց տրվում, որ նման բան չկա։ Փառք Աստծո, Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը չի հանձնվել և չի հաձնվելու թշնամուն ոչ մի պարագայում։ Հետևաբար, քաղաքական ակտիվությունը՝ հատկապես Հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդությամբ, չափազանց կարևոր է, թե՛ ներքին, թե՛ արտաքին խաղացողների համար։ Շատ կաևոր է նաև այն, որ այս շարժումով մենք հատկապես թշնամուն ենք ցույց տալիս մեր դիրքորոշումը»,-ասել է նա։

Ոսկանյանի խոսքով՝  շարժումն ունի հստակ առաջնորդ և այդ առաջնորդը անբասիր առաջնորդ է։

«Մենք իրավունք չունենք թույլ տալու մեզ հուսալքվել, հուսալքվելով ոչինչ չես փոխի։ Հույսը շատ կարևոր է և այդ հույսը պետք է կապիտալիզացվի, այդ հույսի կապիտալիզացիային են սպասում այս բոլոր մարդիկ։  Ինչ վերաբերվում է վաղվա Ալմա-Աթիի հանդիպմանը, չեմ կարծում, որ որևէ սպասելիք պետք է ունենալ, ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը որևէ խաղաղության օրակարգի չի գնալու և փորձելու է հերթական պարտադրանքի, ուժի, սպառնալիքի միջոցով Հայաստանից ստանալ ամեն ինչ։ Բաքվի բարբարոսական վարչախմբի նպատակը մեկն է՝ չունենալ Հայաստանի Հանրապետություն՝ որպես աշխարհաքաղաքական գործոն, չունենալ դիմադրողունակ, զարգացող և հզորացող Հայաստանի Հանրապետություն։ Եվ կարծում եմ այդ չակերտավոր տեսլականը և հեռանկարը մեզ համար անընդունելի են։ Հայաստանը պետք է լինի աշխարհաքաղաքական գործոն, իր կամքը թշնամուն թելադրող գործոն և այդ ուղղությամբ պետք է գործադրվեն քայլեր։ Այս շարժումը միայն սկիզբն է, բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է մի քանի սկզբունքներ արձանագրել առաջիկայի համար։ Առաջին հերթին՝ արդարության սկզբունքը, արժանավորների իշխանության գալու սկզբունքը, և խիստ պրոֆեսիոնալ, արհեստավարժ իշխանություն ունենալու սկզբունքը։ Միայն այդ պարագայում Հայաստանը հնարավորություն կունենա զարգանալու։ Եվ ամենակարևորը՝ այս իրավիճակից մեզ կօգնի դուրս գալ հանրային համերաշխությունը»,-եզրափակել է նա: