09 Դեկ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիբանանից 100 000 փախստական է անցել Սիրիա. ՄԱԿ

Լիբանանից 100 000 փախստական է անցել Սիրիա. ՄԱԿ

Լիբանանի վրա Իսրայելի ավիահարվածների պատճառով շուրջ 100 000 լիբանանցի և սիրիացի ստիպված են եղել Սիրիա տեղափոխվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչությունը:

«Այս հոսքը չի դադարում։ Վարչության աշխատակիցները ներկա են Սիրիայի հետ սահմանին գտնվող չորս հսկիչ անցակետերում տեղի իշխանությունների և Սիրիայի Կարմիր մահիկի աշխատակիցների հետ միասին՝ աջակցություն ցուցաբերելու նոր ժամանողներին», – X սոցիալական հարթակում գրել է վարչության ղեկավար Ֆիլիպո Գրանդին։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Հայտարարված նպատակն է անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։

Ըստ Լիբանանի իշխանությունների՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է, տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։

Լիբանանի կառավարությունը կարգադրել է, որ երկրի մաքսային վարչությունը չեղարկի Լիբանան մուտք գործող մարդասիրական օգնության մաքսերը, որպեսզի այն ուղղակիորեն հասնի լիբանանյան իշխանություններին: