03 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Շողակաթի» հարցն են քննարկում ԱԺ-ում․ հեռուստաընկերությունը կփակվի՞

«Շողակաթի» հարցն են քննարկում ԱԺ-ում․ հեռուստաընկերությունը կփակվի՞

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն այսօր ներկայացրել է իր և Սիսակ Գաբրիելյանի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը սահմանված նվազագույն 3-ի շեմից իջեցնել 2-ի։

Պատգամավորի խոսքով՝ սա չի նշանակում, թե հանրային հեռարձակողները չեն կարող լինել երկուսից ավելին, և այս պահին ունենք հանրային միջոցերով սպասարկվող հինգ հեռարձակում՝ հաշվի առնելով հեռուստատեսությունը և ռադիոն։ Նախագծի արդյունքում ակնկալվում է միջոցների ավելի արդյունավետ բաշխում։

Թագուհի Ղազարյանը ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախորդիվ «Շողակաթի» վերաբերյալ պետությունը շուրջ 3 միլիարդ դրամի գնումներ է կատարել մեկ անձից՝ առանց մրցույթի։ Նա նաև տեղեկացրել է, որ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի կրթական-մշակութային բովանդակության համար նախատեսված միջոցները այսուհետ բաշխելու են մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերությունների միջև, և բոլորը հավասար մցակցային հնարավորություններ կունենան հանրային միջոցներից օգտվելու և մշակութային-կրթական բովանդակության բազմազանությունն ապահովելու համար։

Պատգամավորը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է ԿԳՄՍ հանձնաժողովում, այս պահին աշխատում են որոշակի տեխնիկական փոփոխությունների վրա, և հույս է հայտնել, որ փոփոխություններից հետո ընդդիմադիր գործընկերները նույնպես կողմ կքվեարկեն։

Պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձել է հանրության հիմնական մտահոգությանը՝ նախագծի հիմնական նպատակը «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելն է։ Թագուհի Ղազարյանը չի ժխտում․ «Այո, նախաձեռնությունը, մասնավորապես «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրներն է կարգավորելու, որովհետև, ինչպես նշեցի, տարեկան շուրջ 3 միլիարդ դրամական միջոցներ առանց մրցույթի և մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության։ Ես կարծում եմ, որ թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքացիական հասարակության կողմից ավելի տեղին կլիներ բարձրացնել միջոցների անարդյունավետ ծախսման այս նախադեպը»։

Գեղամ Նազարյանը միջոցների անարդյունավետ ծախսումն այլ խնդիր է համարում, նա հակադարձել է նշելով, որ եթե պարզվի՝ Մատենադարանը անարդյունավետ է ծախսել իր միջոցները, չի նշանակում, թե այն պետք է փակել, և կոչ է արել հետ կանգնել այդ քայլից՝ մտածելով «Շողակաթ» հեռուստաալիքը ավելի լավ բովանդակությամբ դարձնելու մասին։

«Որովհետև եթե «Շողակաթ» ալիքը փակվի, Գեղամ Նազարյանն այլևս չի կարող հանրությանը համոզել, որ պետությունը եկեղեցու դեմ քայլեր չի ձեռնարկում», – ասել է Նազարյանը։

Թագուհի Ղազարյանը տեղին չի համարում «փակել» բառը․ ասել է՝ «Շողակաթ»-ուն ունի ինստիտուտներ, որոնք իր թիկունքին կանգնած են և կարող է մասնակցել մրցույթներին, հաղթել և թողարկվել մյուսների հետ հավասար պայմաններում։

Պատգամավոր Լիլիթ Գալստյան էլ արձանագրել է, որ պետբյուջեից հեռուստաընկերությանը հատկացվել է 221 մլն դրամ, և օրական 14 ժամ «Շողակաթի» արտադրանքն է հեռարձակվել, որի դիմաց պետությունը մեկ ամբողջ տարվա համար տրամադրել է 600․000 դրամ՝ շեշտելով, որ հիմնավորման պակաս կա։

Թագուհի Ղազարյանն ավելորդ է համարել հիմնավորելը, նշելով, որ երբ ՀՀԿ վարչապետի թեկնածուի երթն է հեռարձակվում «Շողակաթ» հեռուստաալիքով, ավելորդ է խոսել կրթական-մշակութային բովանդակության մասին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ, անդրադառնալով  մեկ աղբյուրից գնումների հարցին, նշել է՝ օրինակ՝  «Իմ Քայլը» հիմնադրամին ֆինանսավորում է հատկացվել այն դեպքում, երբ կրթության բնագավառում ավելի մեծ փորձ ունեցող հիմնադրամներ կան։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026