Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե հոկտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իբր օգտագործվել է «հայկական կարուսել», ուղղված է ընտրությունների արդյունքների վարկաբեկմանը, իրականությանը չընդունելուն․ ասվում է Վրաստանի ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։
Վրաստանի ԿԸՀ-ում նշել են, որ ընտրական տեխնոլոգիաները հոկտեմբերի 26-ին աշխատել են առանց խափանումների, ինչն արձանագրել են միջազգային, տեղական դիտորդական առաքելությունները, գործընթացին հետևող ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
«Զուրաբիշվիլին արդեն քանի օր է, ինչ հարցազրույցներում և հրապարակային ելույթներում անհիմն և կեղծ մեղադրանքներով հասարակության մեջ անվստահություն է սերմանում նոր տեխնոլոգիաների նկատմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։ Նրա խոսքով՝ դրա էությունն այն է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով անձանցից տարբեր պատրվակներով առգրավում են անձը հաստատող փաստաթղթեր, հետո օգտագործվում քվեարկության համար: