16 Հոկ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԷՑ-ը չենք վաճառում, ի՞նչն են գնահատում․ Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ը չենք վաճառում, ի՞նչն են գնահատում․ Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացն ամբողջությամբ ապօրինի է։ Եվ մենք չենք վաճառում այն, որ հիմա էլ բաժնետոմսերի գնահատման գործընթաց են սկսել․ ABC Media-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ Կառավարության քննարկումներին չեն մասնակցել՝ չցանկանալով, իր ձևակերպմամբ, լեգիտիմացնել ապօրինությունը։

Ղազինյանի խոսքով՝ ՀԷՑ-ի շուրջ գործընթացը զուգահեռաբար քննվում է Ստոկհոլմի արբիտրաժում և ներպետական դատարաններում։ Վերաքննիչ վարչական դատարանը քննում է կողմերի բողոքները՝ լիցենզիայի դադարեցման օրինականության վերաբերյալ։

Նա կարծում է, որ Կառավարությունը պետք է սպասի դատական գործընթացների ավարտին, նախքան ընկերության վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնելը։

«Եթե իրենք քաղաքական խնդիր չեն հետապնդում, կարող են սպասել բոլոր դատական ատյանների որոշումներին և հետո նոր որոշում կայացնել»,- ասաց ՀԷՑ-ի նախկին տնօրենը։

Անկախ ՀԷՑ սեփականատիրոջ, նախկին տնօրենի դիրքորոշումից՝ Կառավարությունը հոկտեմբերի 15-ին ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ է ճանաչել։  ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ կանցկացվի ընկերության գնահատում, որից հետո սեփականատերերին փոխհատուցման առաջարկ կներկայացվի։ Եթե նրանք չհամաձայնեն առաջարկվող գումարին և սեփական գնահատում էլ չներկայացնեն, գնահատված գումարը կփոխանցվի դեպոզիտային հաշվին, և գործընթացը կհամարվի ավարտված։ Կառավարության նիստին Խուդաթյանն ասել է, որ ընկերությունը պետք է գնահատի միայն Հայաստանում գործող ընկերություն։

Մինչդեռ Դավիթ Ղազինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի արժեքը պետք է գնահատի միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպություն։ Նա կասկած հայտնեց, որ տեղական գնահատող ընկերության վրա կարող են ճնշումներ գործադրվել՝ ցանկալի արդյունքը ստանալու համար։

«Այդ ակտիվը պետք է գնահատվի մի ընկերության միջոցով, որի անաչառության հետ կապված ո՛չ մեր կողմը, ո՛չ մյուս կողմը որևէ կասկած չունենա»,- նշեց նա։

Ղազինյանի խոսքով՝ Կառավարության յուրաքանչյուր որոշում, այդ թվում՝ ընկերության գնահատման և հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ, իրավական վիճարկման առարկա է դառնալու։

Անի Աբաղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ