
«Զոռ, տուզիկի պես, պանյատներով»․Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան ակտիվությունն ու բառամթերքը
«Մեկնաբանությունները այլևս բաց են», ֆեյսբուքյան նկարը՝ փոխված, իսկ գրառումները՝ առավել ակտիվ։ Ի՞նչ գրառումներ է անում Հայաստանի Ազգային ժողովի նախագահը իր պաշտոնական էջում, ի՞նչ բառամթերք է գործածում։
Փետրվարի 2-ին` ժամը 01։10-ին, Սիմոնյանը «Մեր բակը» ֆիլմից տեսանյութ է տարածում և կից գրառում անում` օգտագործելով «զոռ, «բազառներ», դուխավիկ, գողականի մեջ ըլնի, պանյատներով, նստած-հելած, էշ-էշ դուրս տալով, «ո՞նց, արա, հլը արի համարները հանենք, իջնենք ձոր ասեմ քեզ», տուզիկի պես, հաչալ»։
Թե ում էր հասցեագրված այս գրառումը, պարզ չէր, փոխարենը օրեր անց ֆեյսբուքյան պատին հայտնվածը հստակ հասցեատեր ուներ։
Փետրվարի 12-ին ժամը՝ 15։52-ին, Սիմոնյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի լուսանկարներին կից խոսել է Լևոն Քոչարյանի մասին։ Ալեն Սիմոնյանը միշտ պահանջում է ԱԺ պատգամավորներին միմյանց նկատմամբ հարգանք ունենալ, Դուք-ով խոսել, պահել էթիկայի տարրական նորմերը, բայց գործընկերոջը դիմում է դու-ով ու հիշատակում «Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ տղեն»։ Ի դեպ, Սիմոնյանը կարծում է՝ ընդդիմադիր այդ ուժի ներկայացուցիչները «բոքսի տանձիկ են»։
Սիմոնյանը վերջին գրառումը ժամեր առաջ է կատարել՝ փետրվարի 18-ին՝ ժամը 13։49-ին։ Գրառումը վերնագրված էր «Կարճ մամուլի տեսություն 3»։ Սա նոր շա՞րք է, ձևաչա՞փ, թե՞ նախասիրություն։ Երեք հասցեատեր ուներ գրառումը՝ Էդգար Ղազարյան, Թագուհի Թովմասյան, Հայկ Մարության։ ԱԺ նախագահը ընդդիմադիր լրատվամիջոց «Ժողովուրդ» օրաթերթին անվանում է «զրպարտության գործով պատասխանող սուբյեկտ», հետո հիշում է Էդմոն Մարուքյանի` իրենից ներողություն խնդրելու տեսանյութը և ավելացնում՝ «իրենք էլ նույնն են անելու, անպայման», և խոսքն ուղղում Էդգար Ղազարյանին։
Նույն գրառման մեջ, Թագուհի Թովմասյանին անդրադառնալով, Սիմոնյանը նախկին գործընկերոջը իր ղեկավարած պատվիրակության կազմում անգամ «հարթուկ անողի» տեղում չի դիտարկում․ «Իրեն նույնիսկ այդ գործն այլևս վստահող չկա»։ Վերջին կետով Սիմոնյանը նախկին թիմակցին՝ Հայկ Մարությանին է անդրադառնում․ «Հայկ Մարությանը շարունակում է բոյկոտել իր իսկ տրանսպորտի բոյկոտը, մեկ-մեկ ինչ-որ տեսանյութ հրապարակել, դե դրսում ցուրտ է, ո՞վ հավես ունի»։
Ինչու՞ է Ալեն Սիմոնյանը 2025-ին ակտիվ վարում իր ֆեյսբուքյան էջը․ Նիկոլ Փաշինյանի՝ սոցցանցերում ունեցած ցուցանիշներն են ոգևորե՞լ, նախընտրական առցանց ակցիա՞ է, թե՞ նոր զբաղմունք։
Ի դեպ, հունվարին Սիմոնյանը մեկնաբանությունները բացելուց առաջ հարցազրույց տալու ցանկություն էր հայտնել։ Բացի այդ՝ էջում հայտնվել էր կարճ տեսանյութ` Թաթուլ Ավոյանի և Կարեն Մելքոնյանի «Սիրուն փերի» երգի ներքո։ Նույն օրը «Լավերով», «Красавчики» վերտառությամբ լուսանկար էր տեղադրվել։ Լուսանկարում Ալեն Սիմոնյանն էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։