
Ինչո՞ւ են զինվորներն այդքան ուշ ավարտել ընտրությունը․ պարզաբանում է ԿԸՀ նախագահը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր պարզաբանեց, թե ինչու են քաղաքական ուժերը հաճախ ընտրությունների արդյունքները հրապարակում ԿԸՀ-ից ավելի շուտ։
Նրա խոսքով՝ դա բնական գործընթաց է և պայմանավորված է ընտրությունների կազմակերպման կարգով։
«Երբ տեղամասում քվեարկությունն ավարտվում է, քաղաքական ուժերի վստահված անձինք անմիջապես տվյալները փոխանցում են իրենց շտաբներին։ Իսկ ԿԸՀ-ի դեպքում տեղամասային հանձնաժողովները նախ պետք է ավարտեն բոլոր ընթացակարգերը՝ հավաքեն փաստաթղթերը, փաթեթավորեն նյութերը, դրանք ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխեն ընտրատարածքային հանձնաժողովներ, որտեղ միայն դրանից հետո տվյալները մուտքագրվում են համակարգ։ Այդ փուլից հետո միայն արդյունքները հայտնվում են ԿԸՀ-ում»,- ասաց Վահագն Հովակիմյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքական ուժերի կողմից արդյունքների ավելի վաղ ամփոփումը սովորական երևույթ է և որևէ կասկածելի հանգամանք չի պարունակում։
«Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ նախնական արդյունքները հրապարակվեն 24 ժամվա ընթացքում։ Մենք նախնական արդյունքներն ամփոփել ենք մոտ 15 ժամում»,- նշեց ԿԸՀ նախագահը։
Անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին՝ Հովակիմյանն ասաց, որ ԿԸՀ-ում գործել է իրավիճակային կենտրոն, որտեղ հավաքագրվել են բոլոր հաղորդումները։
«Օպերատիվ արձագանք պահանջող դեպքերին ընթացքի մեջ արձագանք է տրվել, իսկ այն հարցերը, որոնք իրավական գնահատականի կարիք ունեն, կստանան համապատասխան գնահատական»,- ասաց նա։
Հովակիմյանը նաև պարզաբանեց զինծառայողների մասնակցությամբ արձանագրված միջադեպերը՝ նշելով, որ խնդիրը վերաբերում էր երկու տեղամասի։
Նրա խոսքով՝ զինվորները տեղամասեր էին ժամանել դեռ կեսօրից, սակայն քվեարկության գործընթացը դանդաղ էր ընթանում։ Ժամը 20։00-ին, երբ տեղամասերը փակվել են, ներսում դեռևս ընտրողներ են եղել։
«Օրենքը հստակ սահմանում է, որ եթե ժամը 20։00-ի դրությամբ ընտրողները գտնվում են տեղամասում, նրանք պետք է հնարավորություն ստանան քվեարկելու։ Ավելի մեծ խնդիր կլիներ, եթե դռները փակվեին և տեղամասի մոտ գտնվող զինվորները զրկվեին իրենց ընտրական իրավունքից»,- նշեց Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ զինծառայողները գտնվել են շենքի ներսում և հերթով մասնակցել են քվեարկությանը, ինչի հետևանքով տվյալ տեղամասերում արդյունքների ամփոփումը սկսվել է ավելի ուշ՝ մոտավորապես ժամը 23։00-ի սահմաններում։


