
Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը
Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսը գրավոր հարցով` առաջնահերթության կարգով դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ ուշադրություն հրավիրելու նպատակով:
Հարցը վերաբերում է 2026 թվականի հունիսի 24-ին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը, և այն բարձրացվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած այցի համատեքստում․ հայտնում են «Հայաքվե»-ից։
Եվրապատգամավորը հիշեցրել է, որ դեռևս 2022 թվականին Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացված դատական վարույթները միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից արժանացել էին քննադատության՝ հիմնարար իրավունքների և արդար դատաքննության երաշխիքների պահպանման տեսանկյունից։
Այս կապակցությամբ Եվրոպական հանձնաժողովին ուղղվել է երկու կարևոր հարց.
- Արդյո՞ք Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան կատարած այցի ընթացքում քննարկվել է Ավետիք Չալաբյանի վերջին կալանավորման հարցը։
- Ինչպե՞ս է Եվրոպական հանձնաժողովը գնահատում այս գործը՝ Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունների շրջանակում Հայաստանի կողմից ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած հանձնառությունների լույսի ներքո։
««Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կարևորում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների, իրավունքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգայնորեն բարձրացված հարցերը ստանան պատշաճ միջազգային գնահատական և ուշադրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։


