
Այս պահին բոլոր ընդդիմադիր առաջնորդները գտնվում են կալանքի տակ․ ՄԻՊ-ը սա արձանագրո՞ւմ է․ հարց՝ Անահիտ Մանասյանին
Որքան էլ գործող իշխանությունները պնդում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, փաստը մնում է փաստ, որ այս պահին Հայաստանում եղած բոլոր խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները գտնվում են կալանքի տակ։ Եվ վերջին քայլն այն էր, որ Փաշինյանը եկավ Ազգային ժողով, ասաց, որ սկսում է ընդդիմությանը համոզելու գործընթացը, որպեսզի կարողանա Հայաստանում անցկացնել Ալիևի գրած սահմանադրությունը, և դրան հաջորդեց արդեն իսկ Եկեղեցին պաշտպանելու համար տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի կալանքը․ Ազգային ժողովում, դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։
«Ուզում եմ հասկանալ՝ Ձեր կառույցը Հայաստանում քաղաքական հետապնդումներ արձանագրո՞ւմ է, թե՞ ոչ, և արդյոք այդ հարցերը բարձրացնո՞ւմ եք միջազգային հարթակներում։ Եվ երկրորդ հարցս ուղղված է Ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մասնագիտությամբ սահմանադրագետ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այլ երկրի պահանջով և, ըստ էության, ճնշումներով Հայաստանում սահմանադրություն փոխելուն»,- հարցրեց պատգամավորը։
Պաշտպանը նախ նշեց, որ լայն սպեկտրով հարցեր են․ «Նախ, եթե խոսքն ազատությունից զրկված անձանց, ընդհանրապես ազատազրկման իրավաչափությանն է վերաբերում, ապա կարծում եմ, երևի թե ես այն հիմնական պաշտոնատար անձն եմ, որը պաշտոնական կարծիք է հրապարակայնորեն հայտնել պարբերաբար այն մասին, որ Հայաստանում կան առնվազն ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված իրո՛ք ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում․․․ Իրապես Հայաստանում ազատազրկված անձանցից շատերի ազատազրկումը հարցեր է առաջացնում»։
Երկրորդ հարցի մասով․ «Անկախության հռչակագիրը մի փաստաթուղթ է, որը շատ կարևոր սիմվոլիկ փաստաթուղթ է, որը մինչև հիմա գոյություն ունի և շարունակելու է գոյություն ունենալ, բայց այն հարցը, ինչի վերաբերյալ կա բանավեճ, ես վստահեցնում եմ ձեզ, անբովանդակ բանավեճ է․․․Առաջարկում եմ նստել համատեղ սեղանի շուրջ և հասկանալ, թե ինչի շուրջ ենք բանավիճում ընդհանրապես։ Ես ուզում եմ բանավիճել, այո՛, այն հարցերի շուրջ, որոնք ունեն արժեք և բովանդակություն, իսկ դրանք շատ են այս պրոցեսում։ Ես ունեմ լիքը նկատառումներ այս պրոցեսի և բովանդակության հետ կապված»։


