27 Հլս
2024
28.2° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան Հայաստանին դարձյալ պատերազմով է սպառնում՝ ցանկանալով դարձնել իր «պրոքսին»․ թուրքագետ

Թուրքիան Հայաստանին դարձյալ պատերազմով է սպառնում՝ ցանկանալով դարձնել իր «պրոքսին»․ թուրքագետ

Ադրբեջանում կայացել է Թուրքիայի Խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուս Աքարի և Իլհամ Ալիևի հանդիպումը։  Հանդիպման ժամանակ Թուրքիայի պատգամավորը հայտարարել է, թե Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ, ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը։ Աքարը պնդել է, թե որոշ երկրներ ինչոր կերպ ցանկանում են Հայաստանին հագցնել «պրոքսի պետության» համազգեստ և եթե Հայաստանը գնա այդ ուղղությամբ, ապա կարող է կրել լուրջ վնասներ, ինչպես տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի դեպքում։

 
Թուրքագետ Գևորգ Գալթակյանը ABC media-ի հետ զրույցում անդրադառնալով թուրք պատգամավորի այս հայտարարությանը, նշեց, այս կերպ Թուրքիան Հայաստանի վրա դիվանագիտական ճնշում է գործադրում։ Նրա խոսքով՝ սա բացահայտ սպառնալիք է, ընդ որում մի մարդու կողմից ով անձամբ է ղեկավարել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը 2020 թվականի պատերազմի ժամանակ։


«Նախ նշեմ, որ «խաղաղության ձեռքը», որի մասին առաջինը խոսել է Էրդողանը, ոչ այլ ինչ է, քան Հայաստանի վրա դիվանագիտական ճնշում և սեփական օրակարգը պարտադրելու քայլ: Սրան, իհարկե, զուգորդվում են նաև սպառնալիքները, որոնք, ըստ էության, դասական աշխարհաքաղաքական շանտաժի օրինակ են»,- ասաց թուրքագետը։

 
Գալթակյանն այս հայտարարության տողատակերում վտանգ է տեսնում Հայաստանի համար։
«Ինչ վերաբերում է «պրոքսի պետության» ճանապարհը բռնելուն, ակնհայտ է, որ այս արտահայտությամբ նրանք Հայաստանը ամբողջությամբ հպատակեցնելու և ինչու ոչ, հատկապես Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ իրենց օրակարգն են սպասարկում: Կարճ ասած՝ թուրքական ռեժիմը ինքն է ցանկանում Հայաստանը դարձնել իրենց պրոքսին՝ հերթական անգամ սպառնալով, որ հակառակ դեպքում Հայաստանը վճարելու է գին՝ մեկ բառով ասած պատերազմ: Թերևս միակ դրական իրողությունն այն է, որ կան հակակշիռներ հենց նույն Զանգեզուրի միջանցքի թուրքական երազանքի դեմ, և այդ հակակշիռը նախևառաջ մարտնչող հայն է՝ իր, թեկուզև, փոքրաթիվ դաշնակիցներով»,- նշեց մասնագետը։

 
Նշենք նաև, որ թուրք պատգամավորն անդրադարձել է Զանգեզուրի միջանքին, նշելով, որ այն անհրաժեշտ է Հայաստանի համար։ Աքարը նշել է, որ այս հարցում իրենք սպասում են կողմերի համաձայնությանը։