26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ խնդիր է կատարելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբը

Ի՞նչ խնդիր է կատարելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբը

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի հետապնդումը և պաշտպանությունը։ Այս մասին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, հանձնաժողովի աշխատանքները համակարգող Վարդան Օսկանյանը։

«-Արցախի ժողովուրդը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանված է իր տնից, հողից ու հայրենիքից և նրա բնական և անքակտելի իրավունքն է անխոչընդոտ վերադառնալ իր բնօրրանը, շարունակել բնականոն ժողովրդավարական կյանքը՝ իր լեզվի, մշակույթի, հոգևոր ժառանգության պահպանման, սեփականության վերատիրացման, զարգացման և կյանքի կազմակերպման՝ միջազգայնորեն ընդունելի նորմերով և սկզբունքներով։

– Հակամարտության հետևանքով բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք կամավոր վերադառնալու իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի նորմ, որը հիմնավորվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (Universal Declaration of Human Rights), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիաով (International Convention on Civil and Political Rights) և տարածաշրջանային բազմաթիվ հռչակագրերով:

– Ավելին, 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքածների անվտանգ և անարգել վերադարձը։

– Հանձնախումբը բազմակողմանի գործունեություն է ծավալելու միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելու, ծանոթացնելու, հիմնավորելու և հետապնդելու Արցախի ժողովրդի խնդիրները, շահերը և իրավունքները։

– Հանձնախումբը, վերը նշված նպատակների կյանքի կոչման համար, մշտական ու հետևողական աշխատանք է իրականացնելու արցախահայության, Հայաստանի հանրության ու Սփյուռքի հայրենակիցների հետ՝ նպատակ ունենալով կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ակադեմիական և փորձագիտական շրջանակների:

– Հանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական և քաղաքական մարմինների առաջ, ինչպես նաև միջազգային ատյաններում, համաժողովներում և միջազգային դատարաններում։

– Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները և քաղաքական բոլոր ուժերը աջակցության և համագործակցության պատրաստակամություն կցուցաբերեն Հանձնախմբի գործունեությանը: Հանձնախումբը պատրաստ է աշխատել անխտիր յուրաքանչյուրի և բոլորի հետ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել՝ համապատասխան լիազորություն ստացած այս հանձնախմբի հետապնդած նպատակների շրջանակներում»,- ասվում է հայտարարությունում: