ABCMEDIA
Համեմատելով ազգային օրհներգերը` Ֆրանսիայից մինչև Իսրայել ու Ադրբեջան. Աբրահամ Գասպարյանի վերլուծականը

Համեմատելով ազգային օրհներգերը` Ֆրանսիայից մինչև Իսրայել ու Ադրբեջան. Աբրահամ Գասպարյանի վերլուծականը

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն, քաղաքագետ, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը «Փոխի’ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում խոսել է Հայաստանի Սահմանադրությունն ու պետական խորհրդանիշերը փոխելու մասին։

 

Քաղաքագետը ներկայացրել է աշխարհի տարբեր երկրների օրհներգերի բովանդակությունը՝ համեմատելով Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ։

 

«Օրինակ՝ Մարսելյեզը, որը գրվել և հնչել է դեռ ֆրանսիական Մեծ հեղափոխության օրերին, շարունակում է կապույտ, սպիտակ, կարմիր՝ ուղղահայաց եռագույնի տակ համախմբել տասնյակ միլիոնավորների և նրանց ամեն անգամ կոչ անում՝ կռվի դուրս գալ հայրենիքի և ժողովրդի թշնամիների դեմ: Մարսելյեզի բառաֆոնդը բավական դաժան է՝ արյունարբու դեսպոտներ, դավաճաններ, առանց խղճահարության միապետականների մոր կուրծքը պատռելու կոչ, տխուր զոհեր, դագաղ, թագավորի լուծ, ստորություն և ընդամենը մեկ դրական հիշատակում՝ Հայրենիքի սուրբ սեր: Իտալիայի օրհներգի վերջին երկտողն ավարտվում է այս խոսքով՝ «Եկեք միասին գոչենք՝ պատրաստ ենք մեռնել, Իտալիա՛ն է կանչում»: Դանիացիներն օրհներգում կոչ էին անում՝ բզկտել շվեդների գլուխը, արգենտինացիները մինչև հիմա, օրհներգով, փառավորված զոհվում են հանուն հայրենիքի, վիետնամցիները՝ կոխկրտում են թշնամու գլուխը, իռլանդացիները՝ հպարտանում են, որ կռվող ցեղի տեսակ են, բրիտանացիներն էլ՝ ճզմում են թշնամուն և հաղթում նրան: Դե իսկ Իսրայելի Հատիկվայի՝ օրհներգի առանցքային գաղափարը հիշատակելն ավելորդ է, որտեղ հստակ խոսվում է՝ դեպի արևելք ընդարձակվելու մասին: Ադրբեջա՞ն, խնդրեմ՝ մենք պատրաստ ենք մեռնել քո հողի ու պատվի համար, քո դրոշը բարձր ենք ծածանելու, մեր կյանքի ամեն վայրկյանը քեզ համար ենք զոհաբերելու»,- ասել է Գասպարյանը։

 

Քաղաքագետի խոսքով՝ օրհներգը, դրոշն ու զինանշանը ժամանակի հրամայականն են, արտացոլում են տվյալ ժամանակահատվածում սոցիալական հարաբերությունների ու դրանց փոփոխության դինամիկան, քաղաքական, տնտեսական, գեոպոլիտիկ իրողությունները և պատուհան բացում դեպի լուսավոր ապագա: Բայց օրհներգն ավելի շատ ժողովրդի իղձերի, նպատակների, խամրած հույսի արթնացման կոչնակ է, արյամբ նվաճած հայրենիքի նկատմամբ պատասխանատվության պարտավորագիր, նահատակների հիշատակը փառաբանող տողեր, պատմական հիշողության, քաղաքական հավակնությունների և ազգային արժանապատվության էմոցիոնալ կծիկ, որի հնչյունները լսելիս՝ ակամայից ոտքի ես կանգնում, առինքնող հավատ է քեզ պատում, բջիջներով զգում ես խոսքի ամեն բառն ու երանգը:

 

«Փաշինյանի անհայրենիքների իշխանությունն, օրինակ, զզվանքով է խոսում մեր օրհներգի մասին, ծաղրում Միքայել Նալբանդյանի դիպուկ խոսքը՝ Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի որ յուր ազգի ազատության կզոհվի։ Հայրենիքի համար զոհողությունը ծաղրող այս իշխանությունը, բնական է, որ Արցախ ու Հայաստան էլ կզոհաբերի»,- ասել է Աբրահամ Գասպարյանը: