ABCMEDIA
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալուն․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալուն․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու Արևմուտքի հերթական փորձ․ այս մասին  հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը։

«Հանդիպումը դիտարկում ենք որպես արտատարածաշրջանային ուժերի կողմից անպատասխանատու և ապակառուցողական միջամտություն Հարավային Կովկասի գործերին։ Տարածաշրջանի երկրների ու նրանց հարևանների միջև սեպ խրելու ձգտումը կարող է ամենաբացասական հետևանքներ ունենալ  կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար, ստեղծել նոր բաժանարար գծեր, ինչպես նաև լարվածության անվերահսկելի աճ»,- ասված է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ  Վաշինգտոնն ու Բրյուսելը, վաղանցիկ խոստումների ներքո ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազային ու սահմանապահների դուրսբերմանը։

«Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն համեմատվում բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում փոխգործակցությունից։ Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճ (2018 թվականից ի վեր քառապատկվել է) և, որպես հետևանք՝ տնտեսության ռեկորդային աճ և բնակչության բարեկեցության բարձրացում», – նշված է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։