24 Հլս
2024
30° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր պատերազմի կանխատեսումների ֆոնին՝ Արևմուտքը փորձում է իրենով անել ՀՀ-ին, իսկ ՌԴ-ն՝ չկորցնել նրան․ միջազգային մամուլ

Նոր պատերազմի կանխատեսումների ֆոնին՝ Արևմուտքը փորձում է իրենով անել ՀՀ-ին, իսկ ՌԴ-ն՝ չկորցնել նրան․ միջազգային մամուլ

Վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ աշխարհաքաղաքական տեղաշարժեր են տեղի ունեցել Հարավային Կովկասում, որտեղ Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք, մինչդեռ Վրաստանը ենթարկվում է ռուսական քաղաքականության մեծ ազդեցությանը։ Այս մասին գրել է Byline Times-ը։

Ինչպես նշվել է, Հայաստանը, որը մի քանի ավերիչ պատերազմներ է մղել 2020 թվականից ի վեր, անբարենպաստ դիրքում էր ավելի զինված և միջազգայնորեն աջակցվող Ադրբեջանի դեմ, բայց սա միայն սառցաբեկորի գագաթն էր: Ռուսաստանը, գործելով կուլիսների հետևում և օգտագործելով հիբրիդային պատերազմի մարտավարությունը, օգնել է Հայաստանին հայտնվել անկայուն իրավիճակում։ Երևանն այժմ հուսալի գործընկերներ է փնտրում։ Աշխարհաքաղաքական նման տեղաշարժի պատճառով՝ ժամանակն է, որ Արևմուտքը վերացնի անցյալի սխալները և արժեքավոր երկրին ինտեգրի ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակից պետությունների շարքում:

«Հայաստանը գտնվում է անորոշ իրավիճակում, երբ չի կարող լիովին խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի դեռ չունի անվտանգության երաշխիքներ խոշոր տերությունից։ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը կարող է Հայաստանին դնել անժամկետ քավարանի մեջ, ինչպես Թուրքիային։ Բացի այդ՝ Հունգարիան երբեք չի քվեարկի հօգուտ Երևանի անդամակցության։ Փոխարենը Երևանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակից՝ զարգացնելով երկկողմ կապերը յուրաքանչյուր անդամ երկրի հետ», – նշվել է հոդվածում:

Հավելվել է, որ ներկայումս Ֆրանսիան զարգացնում է ռազմական և երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, ինչը բացահայտ դատապարտվում է Ադրբեջանի կողմից։ Այնուամենայնիվ, Արևմուտքին Հայաստանի ինտեգրման հիմնական մտահոգությունը կլինի սահմանների երկայնքով անվտանգությունը, հատկապես, երբ Ադրբեջանի հետ նոր պատերազմի սպառնալիքներ են ստեղծվել։ Ներկայումս Ֆրանսիան և Հնդկաստանը ծանր սպառազինություն են ուղարկում Հայաստան, և թեև դա առաջընթաց է, սակայն այլ ջանքեր պետք է գործադրվեն։

World Politics Review-ն գրել է, որ Ռուսաստանի համար անհանգստության պատճառ է Հայաստանի՝ որպես դաշնակցի, և դրա հետ մեկտեղ ռազմավարական ռազմաբազայի կորուստը Թուրքիայի հետ սահմանի երկայնքով: Մոսկվան պնդում է, որ Երևանը շարունակում է մնալ իր դաշնակիցը։ ՀՀ-ի տնտեսությունը դեռևս մեծապես կախված է Ռուսաստանի հետ առևտրից, սակայն երկիրը վճռականորեն շարժվում է դեպի Արևմուտք: Եթե Հայաստանը, որը գտնվում է Հարավային Կովկասի սրտում, դուրս գա ՀԱՊԿ-ից, դա ոչ միայն կընդգծի Ռուսաստանի ազդեցության նվազումը տարածաշրջանում, այլև կարող է շոշափելի ազդեցություն ունենալ Ռուսաստանի ռազմավարական դիրքի վրա: Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ-ն և Եվրոպան բաց չեն թողնում ՀՀ-ն իրենց կողմը գրավելու հնարավորությունը։